17  09.02.15 - ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին ծեծելու դեմ բողոքի ակցիա

«Մենք բոլորս Արտակ ենք». Ցույցի մասնակիցները պահանջում էին բացահայտել ԲՀԿ ակտիվիստին ծեծի ենթարկողներին

«Մենք բոլորս Արտակ ենք». Ցույցի մասնակիցները պահանջում էին բացահայտել ԲՀԿ ակտիվիստին ծեծի ենթարկողներին

PanARMENIAN.Net - «Արտակ մենք քեզ հետ ենք», «Ես Արտակն եմ», «Ամոթ» գրառումներով պաստառներով մի շարք քաղաքացիներ փետրվարի 9-ին ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ «Մենք բոլորս Արտակ ենք» կարգախոսով: Մասնակիցները պահանջում էին իրավական պատասխանատվության ենթարկել ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկողներին:

«Արտակ, Արտակ, մենք բոլորս Արտակ ենք»,-գոչում էին հավաքվածները: Ակցիային մասնակցում էին են նաև ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Վահան Բաբայանը, Նաիրա Զոհրաբյանը: Ակցիային մասնակցում էին նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության անդամներ։

Ակտիվիստ Արտակ Խաչատրյանը «Կասեցում» շարժման մասնակիցներից է և մասնակցել է Շրջանառության հարկի մասին օրենքի ակցիաներին: Նա, փետրվարի 7-ին անհայտ անձանց կողմից առևանգվել էր և մի քանի ժամ շարունակ դաժան ծեծի ենթարկվել:

Լրագրողների հետ զրույցում Օսկանյանը նշել է, որ միջադեպը պետք է դիտարկել առավել լայն շրջանակներում։

«Ժողովրդավարության, երկրի այսօրվա վիճակի... իրոք ընդվզման միջոցով պետք է այս երևույթներին վերջ դնել, այսպես հնարավոր չէ»,-ասել է նա։

Դեպքի առթիվ Օսկանյանի մեղադրանքն ուղղված էր իշխանություններին. «Այն ինչ կատարվում է երկում, դրա պատասխանատուն իշխանություններ են, եթե չկարողացան վերջ դնել և կոնկրետ այս դեպքը բացահայտել, ուրեմն իրենք են պատասխանատուն»։

Հարցին, թե երբ այլ պատգամավորների, ազատամարտիկների ծեծի դեպքեր եղան, ինչո՞ւ ԲՀԿ-ն ոտքի չէր կանգնում, նախկին ԱԳ նախարարը նշեց, թե իր այստեղ գտնվելը բացարձակապես կապ չունի նրա հետ, որ ծեծվողը ԲՀԿ-ական է։

«Եկել եմ ակցիային մասնակցելու որպես ՀՀ քաղաքացի, ԱԺ պատգամավոր, անկախ կուսակցական պատկանելությունից, գիտեմ, որ իմ գործընկերներն էլ նույն մղումով են եկել, արդեն կուտակվել են խնդիրները, միգուցե վերջինը ԲՀԿ-ինն է, բայց դեպքը կրկնվում է, մեկ-երկու-երեք և արդեն հասկանում ես, որ սա իշխանությունների աշխատաոճն է դարձել՝ լռեցնել այն մարդկանց, ովքեր համաձայն չեն իշխանության տարվող քաղաքականության հետ։ Սա ժողովրդական ընդվզում է, այլ ոչ թե կուսակցական»,-ասել է նա։

Հարցին, թե կարելի է ենթադրել, որ սա մարտահրավեր է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, Օսկանյանը նշել է, թե իրենք վեր են կանգնելու կուսակցական խնդիրներից։ «Սա մարտահրավեր է հայ ժողովրդին, մենք ազգովի պետք է վերջ դնենք այս ամենին։ Հայաստանում մարդ չպետք է ծեծվի իր գործունեության համար, սա իսկապես վերջն է, իսկապես ժողովրդի համբերության բաժակը լցվել է»,-նշել է նա, մեջբերում է Tert.am-ը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է, թե բոլորիս նպատակը մեկն է` հնարավորինս սեղմ ժամկետում, ապահով հռչակված Հայաստանում բացահայտել այս զազրելի հանցագործությունը:

«Այս զազրելի հանցագործության բացահայտումը նաև Ոստիկանության ու իրավապահ համակարգի արժանապատվության խնդիրը պետք է լինի: Մենք պահանջում ենք կարճ ժամկետում բացահայտել թե կատարողներին, թե պատվիրողներին: Այս հանցագործությունը որևէ անձնական մոտիվացիա չունի, միայն մեկ մոտիվացիա ունի` կապված Արտակ Խաչատրյանի հանրային գործունեության հետ»,- հայտարարել է պատգամավորը, մեջբերում է «Այսօրը»:

Նա նշել է, որ այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում Հայաստանում, ցույց է տալիս, որ ոչ թե իշխանությունների հռչակած ապահով Հայաստանն է սա, այլ գանգստերական, բանդիտական Հայաստանն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ նշել է, թե ճանաչելով Արտակ Խաչատրյանին, բացառում է, որ դեպքը կարող է լինել անձնական խնդիրներից ելնելով։

«Ես տեսնում եմ, որ իր գործունեության հետևանքով է եղել, մնացածը՝ ոնց, ինչ, ժամանակը ցույց կտա, սա շատ լավ առիթ է իրավապահ մարմիներին ցույց տալու, որ իրենք օպերատիվ աշխատում են։ Այսօրվա այս մարդկանց պահանջը մեկն է, որպեսզի իրավապահ մարմիններն անհապաղ արագ միջոցներ ձեռնարկեն այդ մարդկանց գտնելու համար»,-ասել է նա։

Հավաքվածներին ելույթի խոսքով է դիմել նաև Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը՝ հայտարարելով, թե մարտահրավեր է նետված ժողովրդին ու հասարակությանը, ինչն իրենք ընդունում են։

«Քստմնելի, վայրագ, դաժան գործելաոճով կազմակերպված բանդաները, գանգստերները գործում են ՀՀ տարածքում։ Մենք ընդունել ենք մարտահրավերը, պարոնայք գանգստերներ, չենք վախենում, մենք շատ ենք, եթե մենք ենք ձեզ ծնել, մենք էլ ձեզ կսպանենք»,-ասել է նա։

Այնուհետև «Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» ակցիայի մասնակիցները երթով շարժել են դեպի ոստիկանություն: Ակցիայի մասնակիցները պահանջել են ոստիկանության ներկայացուցիչներից ապահովել երթի խաղաղ ընթացքը։

«Մեր պահանջը միակն է և արդարացված՝ արագ օպերատիվ և բացահայտում այս քստմնելի, վայրագ հանցագործության»,- ՀՀ ոստիկանության մոտ հայտարարեց բողոքի ակցիայի մասնակից Արտակ Խաչատրյանի եղբայր Արտյոմ Խաչատրյանը:

«Օրը ցերեկով քաղաքացուն գողանում են իր քաղաքից, իր փողոցից: Բոլորիս արժանապատվությունը խոցված է, կատարեք ձեր իրավասությունները, շուտափույթ բացահայտեք և ոճրագործներին, և պատվիրատուներին»,-նշել է Արտյոմ Խաչատրյանը:

Ակցիային ներկա Նաիրա Զոհրաբյանն էլ ավելացրել է. «Մենք այստեղ ենք, ոստիկանությունից պահանջելու սեղմ ժամկետում բացահայտելու այս հանցագործությունը, եթե ոչ, ապա դնելու ենք հրաժարականների խնդիր, կոնկրետ իշխանափոխության խնդիր»:

Ակցիան ավարտվել է Նալաբանդյան փողոցում: ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը ակցիայի մասնակիցներին հորդորել է ցրվել՝ պահանջները չկատարելու դեպքում կրկին հավաքվելու պայմանով, գրում է Panorama.am-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---