Դիտարկում. Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությունը դիրքեր դուրս չի բերել

Դիտարկում. Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությունը դիրքեր դուրս չի բերել

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարը խախտվել է մոտ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 17.000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շփման գծի ամբողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Շաբաթվա ընթացքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են նաև պատժիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը կրել է մարդկային և նյութական կորուստներ:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը:

Այսպես, փետրվարի լույս 6-ի գիշերը հակառակորդը պարբերաբար կրակոցներ է արձակել Տավուշի մարզի ուղղությամբ: Հայկական կողմից պատասխան կրակոցներ են եղել: Ադրբեջանի գնդակոծության հետևանքով մահացել է Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Վանիկ Ղուկասյանը:

Մինչև այդ՝ փետրվարի 4-ին, ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ հակառակորդը սադրանք էպատրաստում` կրակելով սեփական գյուղերի վրա: Ըստ նրա, Տավուշի Բաղանիս և Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ ինտենսիվ կրակում են, հիմնականում լուսածրային փամփուշտներով: Նույն օրն ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորվել էր Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչ Լևոն Հովակիմի Անդրեասյանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---