Ադրբեջանցիները որոշել են յուրացնել հայտնի «Հայ որբերի գորգը»

Ադրբեջանցիները որոշել են յուրացնել հայտնի «Հայ որբերի գորգը»

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Գլենդեյլի Կենտրոնական գրադարանում տեղի կունենա Մորիս Միսաք-Քելեչյանի «Հայ որբերի գորգը» ցուցադրությունը՝ նվիրված Ցեղասպանությունից փրկված Ղազիրի որբանոցի հայ աղջիկների գործած եզակի գորգին:

Ադրբեջանն այստեղ էլ զերծ չմնաց սադրանքներից՝ հայտարարելով, թե, իբր, գորգը և նրա նախշերը «զուտ ադրբեջանական» են: Այդպես, ըստ ադրբեջանական լրատվական «Պիա.ազ» կայքի, Ղազիրի գորգն իբրև պատկանում է «Թավրիզի ադրբեջանական դպրոցին» և իբր այդ է վկայում գորգի կենտրոնում պատկերված ութթևանի աստղը: Նշենք, որ սա ադրբեջանական կողմի միակ «փաստարկն է», որը ոչ մի քննադատության չի դիմանում: Հայկական գորգի կենտրոնում ամենևին էլ ութկողմանի աստղ չէ պատկերված: Նույնիսկ անզեն աչքով երևում է, որ կենտրոնում գտնվող նախշը ութ սուրանկյուն կողմերից բացի, ունի նաև կլորացված չորս ելուստ՝ ձևավորելով քրիստոնեության խորհրդանիշ խաչը, իսկ նախշն ինքնին հայ միջնադարում մեծ տարածում ունեցող Ծաղկած խաչի պատկերն է:

Սակայն, եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ նախշը ութկողմանի աստղ է, ապա այդ հանգամանքը նույնպես ադրբեջանական կողմի վարկածի օգտին չէ, քանի որ այդ խորհրդանիշը հաճախ են օգտագործել վաղ շրջանի քրիստոնյաները և կոչվում էր այն «Դավիթի աստղ»՝ ավելի հին արմատներ ունենալով: Ուստի «ադրբեջանական նախշ» արտահայտությունն անթույլատրելի է, հաշվի առնելով նաև, որ վերոնշյալ Թավրիզի դպրոցը պարսկական է, հայտնում է Panorama.am-ը:

Գորգը զարդարված է նաև եդեմական այգին խորհրդանշող բույսերի ու կենդանիների զարդանախշերով: Նախշերի համակարգը հիմք է տալիս ենթադրելու, որ պատկերված են Ադամի ու Եվայի բիբլիական պատմության հետ կապված պատկերներ:

«Ղազիրի գորգը» կամ «Որբերի գորգը», որը գտվում է Սպիտակ տանը, 1925 թ. նվեր է մատուցվել ԱՄՆ նախագահ Կալվին Քուլիջին որպես երախտագիտության նշան Ցեղասպանության տարիներին օգնության համար: Հայ որբերը գորգը գործել են 10 ամսում, այն 4,404,206 հանգույց ունի: Գորգը վերադարձվել է Սպիտակ Տանը 1982թ. և 32 տարի մնացել նկուղում, մինչև որ 2014թ. նոյեմբերին հանվել է Սպիտակ Տան Այցելուների կենտրոնի ցուցադրության: Թուրքիան արդեն բավական ժամանակ է ճնշում է գործադրում Օբամայի վարչակազմի վրա՝ փորձելով արգելել գորգի ցուցադրությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---