Արցախում մարտական ծառայության կանոնների խախտման հետևանքով զինվոր է զոհվել (թարմացված)

Արցախում մարտական ծառայության կանոնների խախտման հետևանքով զինվոր է զոհվել (թարմացված)

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991-ին ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահության ժամանակ զինծառայող Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ։

Քրեական գործի նյութերի համաձայն՝ 10.02.2015թ.՝ ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել և մահացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ), միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի բոլոր մանրամասները։

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը:

Փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարը խախտվել է մոտ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 17.000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շփման գծի ամբողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Շաբաթվա ընթացքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են նաև պատժիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը կրել է մարդկային և նյութական կորուստներ:

Մինչ այդ փետրվարի 5-ին Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման արդյունքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն էին տարածել: Հանդիպմանը մասնակցել էին համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրիեն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հայտարարությունում միջնորդներն «անհանգստություն են հայտնել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ բնակելի թաղամասերում, հրադադարի խախտման դեպքերի աճի վերաբերյալ»: Նրանք նաև ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկել էին դրանց նվազեցման ուղիները, տեղեկացնում են ԵԱՀԿ գրասենյակի մամուլի ծառայությունից:

Դիվանագետների համոզմամբ, կողմերի միջև լարվածությունն ու բռնությունն ընդգծում են հիմնախնդրին երկարատև լուծում համար համապարփակ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը: Նրանք նաև կարևորել էին ավելի վաղ նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի պետք է անհետ կորածների մասին տեղեկություններով փոխանակվել:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---