Գյումրիի սպանությունը. Փաստաբանը հորդորում է պարզել՝ արդյո՞ք Պերմյակովը հանցակիցներ չի ունեցել

Գյումրիի սպանությունը. Փաստաբանը հորդորում է պարզել՝ արդյո՞ք Պերմյակովը հանցակիցներ չի ունեցել

PanARMENIAN.Net - Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության գործով տուժողի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Երեմ Սարգսյանը քննչական մարմնին միջնորդություն է ներկայացրել հանցագործության դրդապատճառներն ու հնարավոր հանցակիցների առկայությունը պարզելու հորդորով:

«ԶԼՄ-ներում հայտնված վարկածներն ու հայտարարությունները, որոնց համաձայն հանցագործությունը, հնարավոր է, որ Պերմյակովը չի կատարել, մտավախություններ են առաջացրել տուժող կողմի մոտ: Հաշվի առնելով այն փաստը, որ Պերմյակովի համազգեստն ու իրեն ամրակցված ինքնաձիգը հայտնաբերվել են հանցագործության վայրում, համարում ենք, որ այդ վարկածը ստուգման կարիք ունի»,-ասվում է փաստաբանի միջնորդության մեջ:

«Քննությունը պետք է պարզի, թե արդյո՞ք Պերմյակովն իրոք Ավետիսյանների տուն է մտել ջուր խմելու նպատակով, արդյո՞ք նա պատահաբար է այնտեղ հայտնվել, կատարել է արդյո՞ք հանցագործությունը վախից, որ իրեն կմատնեն, թե նպատակ է ունեցել վախի մթնոլորտ առաջացնել ու ապակայունացնել իրավիճակը: Գործում առկա որոշ տվյալներ հիմք են տալիս կարծելու, որ, հնարովոր է, որ Պերմյակովը հանցակիցներ է ունեցել»,-ասվում է միջնորդության մեջ, հայտնում է Ինտերֆաքսը:

Ավելի վաղ հայտնի դրաձավ, որ ռուսական դատախազության ներկայացուցիչները կարող են հանդես գալ որպես մեղադրող կողմ Գյումրիում սպանության գործով:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Արձագանքելով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներում հայտնված որոշ հրապարակումներին՝ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն, դրա շրջանակներում քննչական և դատավարական գործողությունները կատարվում են ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հիման վրա:

Համատեղ հետաքննության շրջանակում նշանակվել և անցկացվում են մի շարք դատաքրեագիտական փորձաքննություններ: Առաջիկայում հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն կիրականացվի, ինչը նախատեսված է օրենքով նման հանցանքների դեպքում, ասել են Քննչական կոմիտեում: Պերմյակովից նմուշներ են վերցվել՝ հանցագործության վայրում ավելի վաղ հայտնաբերված հետքերի հետ համեմատական կենսաբանական, գենետիկական և քրեագիտական փորձաքննություններ անցկացնելու համար:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---