
Հայաստանում տոնում են Տեառնընդառաջը, ժողովրդի ամենասիրված տոներից մեկը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:
Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:
Տրնդեզը հեթանոս հայերը նշել են որպես երազների մեկնիչ, գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է: Տրնդեզը բնության զարթոնքն էր խորհրդանշում, կրակով մարդիկ պայքարում էին ցրտաշունչ ձմռան դեմ:
Քրիստոնեության ընդունումից հետո եկեղեցին Տրնդեզը նույնպես համապատասխանեցրել է քրիստոնեական տոնացույցին: Ըստ եկեղեցական ավանդության` Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին քառասուն օրականում տաճար են տարել: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար, և ընդառաջ է գալիս նրանց: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է տիրոջն ընդառաջ. տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալն է:
Իսկ կրակի խորհուրդը, ըստ եկեղեցու, մաքրագործվելն է: Հիսուսն ասել է. «Ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը»:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Տյառնընդառաջ հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր: Հնուց մեզ հասած ավանդույթներ կան կապված այն բանի, թե, ասենք, ինչպես պետք է Տնրդեզը նշվի այն ընտանիքներում, որտեղ նորահարս կա, կամ այն ընտանիքներում, որտեղ ամուսնություն է սպասվում: