13 փետրվարի 2015 - 11:40 AMT
Թոմաս դե Վաալ. Պարտված Ադրբեջանն ավելի մեծ դրդապատճառներ ունի պատերազմը վերսկսելու համար

Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը «Ղարաբաղյան հրադադարը վտանգի տակ է» վերտառությամբ հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլի վերաբերյալ, որտեղ մասնավորապես ուշադրություն է դարձնում վերջին շրջանում հրադադարի ռեժիմի հաճախակիացած խախտումներին և բանակցություններում առաջընթացի բացակայությանը, ինչը հեղինակի կարծիքով, կարող է պատճառ դառնալ պատերազմի վերսկսման համար, հայտնում է Panorama.am-ը:

«Ավելին, բռնությունները Ղարաբաղի սահմաններից դուրս են եկել արդեն և տարածվել են հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով թե հյուսիսում, և թե Նախիջևանի շրջանում։ Եթե երբևիցե հակամարտությունը նորից բռնկվի, դա կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմ», - եզրակացնում է դե Վաալը։

Հոդվածում մասնավորապես ասվում է. «Արդյո՞ք այս տարի պատերազմ լինելու է Լեռնային Ղարաբաղում։ 1994-ից հետո ամեն տարի այս հարցի պատասխանը եղել է «ոչ»։ Հայերն ու ադրբեջանցիները կրակում են միմյանց վրա շփման գծի երկայնքով և միմյանց նկատմամբ սպառնալիքներ են տեղում, բայց կողմերից որևէ մեկը եզրագծից անցնելու ցանկություն երբևէ չի ցուցաբերել։

Այս տարի ազդանշանները ավելի մտահոգիչ են։ Հունվարը սովորաբար հանգիստ ամիս է հրադադարի գծի վրա, բայց այս անգամ գրանցվեց 12 զոհ և 18 վիրավոր։ ԵԱՀԿ Մինսկի խումբը Մյունխենի խորհրդաժողովի ժամանակ հրապարակեց իր երրորդ հայտարարությունը երկու շաբաթվա ընթացքում։

Պատերազմից խուսափելու հիմնական փաստարկները մնում են նույնը։ Այն աղետալի հետևանքներ կունենա բոլորի համար։ Հայկական կողմը ստացել է 1994-ին այն ամենը, ինչ նրանք ուզում էին։ Պարտված կողմ Ադրբեջանը ավելի մեծ դրդապատճառներ ունի բռնի ուժով իր կորցրած տարածքները հետ վերադարձնելու համար, բայց հաշվի առնելով տեղանքի լեռնային շրջանները, հեշտորեն կարող է պարտվել և այդպիսով ոչ միայն կորցնել հազարավոր զինվորներ, այլև վտանգի տակ դնել իշխող էլիտայի գոյությունը։ Բաքվի համար շատ ավելի ապահով է միայն ճոճել սուրը, քան կրակել իսկական զենքերից։

Այս տրամաբանությունը դեռևս տեղին է, բայց մտավախություն կա, որ շփման գծին պատերազմը կարող է սկսվել սխալ հաշվարկների պատճառով»:

Անդրադառնալով 2014թ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի հետ կապված միջադեպը, Թոմաս դե Վաալը գրում է. «Ավելին, բռնությունները Ղարաբաղի սահմաններից դուրս են եկել արդեն և տարածվել են հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով թե հյուսիսում, և թե Նախիջևանի շրջանում։ Եթե երբևիցե հակամարտությունը նորից բռնկվի, դա կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմ»։

Ադրբեջանական կողմն ավելի ուժեղ է, քան 10 տարի առաջ էր, և հրադադարի գիծը այն միակ տեղն է, որ Ադրբեջանը առավելություն ունի հայկական կողմի նկատմամբ։ Տարիներ շարունակ ադրբեջանական պաշտոնյաները հրաժարվել են հրադադարի ռեժիմի պահպանումը ուժեղացնելուն միտված քայլերից, ինչպիսին օրինակ կլիներ դիպուկահարների հետքաշումը կամ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդնումը, պատճառաբանելով, որ դա կկարգավորի ստատուս քվոն, ինչն անընդունելի է։

Հայերն իրենց հերթին սիրում են ցուցադրել Բաքվին, աշխարհին և սեփական հանրությանը, որ դեռևս ունեն մարտունակ զինված ուժեր և կարող են ռազմական առաջադրանքներ իրականացնել սեփական նախաձեռնությամբ։ Վերջերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախազգուշացրեց. «Մենք պահպանում ենք կանխարգելիչ հարվածներ իրականացնելու մեր իրավունքը»։

«Հաշվի առնելով Ուկրաինայի իրավիճակը և տխուր աշխարհաքաղաքական միջավայրը, հրատապ ուշադրություն է պետք դարձնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարումը մեղմացնելու համար մինչև գարուն, որին կարող է հաջորդել երկար, շոգ և վտանգավոր ամառը»,-ասվում է հոդվածում:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել են հրադադարի խախտման ու հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը:

Փետրվարի 9-ին արձանագրվել է հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդ կողմից արձակված 58 կրակոց, որոնցից 54-ը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ: Փետրվարի 10-ին 66 կրակոց է եղել, որոնցից 62-ը` ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ, դրա հաջորդ օրը՝ 53 կրակոց, դրանցից 50-ը` կրկին ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ, փետրվարի 12-ին՝ 61 կրակոց, որոնցից 59-ը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ: Կրակոցների 10 տոկոսը եղել է խոշոր տրամաչափի գնդացիրներով և դիպուկահարներով: Հայ դիրքապահները զերծ են մնացել պատասխան գործողություններից և ոչ մի կրակոց չեն արձակել:

Փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարը խախտվել է մոտ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 17.000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շփման գծի ամբողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Մինչև այդ՝ փետրվարի 4-ին, ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ հակառակորդը սադրանք է պատրաստում` կրակելով սեփական գյուղերի վրա: Ըստ նրա, Տավուշի Բաղանիս և Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ ինտենսիվ կրակում են, հիմնականում լուսածրային փամփուշտներով: Նույն օրն ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորվել էր Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչ Լևոն Հովակիմի Անդրեասյանը:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով: