13 փետրվարի 2015 - 16:26 AMT
ԵՏՄ մաքսային օրենսգիրքը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ

Եվրահանձնաժողովի մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ Վլադիմիր Գոշինը հուսով է, որ ԵՏՄ մաքսային օրենսդրությունը կստորագրվի մինչև 2015-ի ավարտը:

«Մենք հուսով ենք, որ մինչև մարտի 1-ը կստանանք բոլոր կողմերի նկատառումները, որպեսզի քննարկենք առաջին կիսամյակում: Հետո դրանք կներկայացվեն ստորագրման: Հուսով ենք, որ նոր փաստաթուղթը կստորագրվի այս տարի և 2016-ի հունվարի 1-ից մենք արդեն կառաջնորդվենք նոր մաքսային օրենսդրությամբ»,-հայտարարել է Գոշինը Աստանայում կայացած մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ 2014-ի դեկտեմբերին մաքսային օրենսդրության նախագիծը համաձայնեցման էր ուղարկել Մաքսային միության անդամ երկրներին:

«Փաստաթղթում հիմնական նորարարություններից է անցումը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը: Թղթային փաստաթղթերի կարիք կլինի միայն ծայրահեղ դեպքերում, երբ լույս չկա, փչացել է համակարգիչը, տարբեր ֆորսմաժորային հանգամանքներում»,-պարզաբանել է Գոշինը, հայտնում է Kurs.ru-ն:

Բացի այդ, հայտնվում է ապրանքների ավտոման թողարկման հնարավարություն, առանց մաքսային տեսուչի անմիջական մասնակցության: Ըստ ներմուծման և արտահանման ընդունված ընթացակարգի, ապրանքի թողարկման որոշումը կկայացնի մաքսային մարմինների ապարատածրագրային ապահովման համալիրը:

Նոր օրենսգրքով նախատեսվում է, որ ներկրման և արտահանման ծավալների մասին տեղեկատվությունը ներկայացվելու է միայն մաքսային հայտարարագրի տեսքով:

«Ոչ մի այլ փաստաթուղթ, որի հիման վրա լրացվում է հռչակագիրը, չի կցվի: Փաստաթղթերը հարկավոր կլինեն միայն այն դեպքում, եթե աշխատի ռիսկերի վերլուծության համակարգը»,-ասել է Գոշինը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

Photo: Eec.eaeunion.org