19 հուլիսի 2006 - 16:08 AMT
ԱՄՆ-ն հավանություն չի տալիս Քրդական բանվորական կուսակցությունը ոչնչացնելու Թուրքիայի ծրագրին
ԱՄՆ-ն հավանություն չի տալիս տարածաշրջանում Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) ոչնչացնելու Թուրքիայի ծրագրին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն ՔԲԿ-ի դեմ պայքարի կողմնակից է: «Սակայն Թուրքիան պետք է փոխի իր դիրքորոշումն այդ հարցում: ԱՄՆ-ն ցանկանում է, որ Թուրքիան սատարի իրենց դիրքորոշմանն Իրաքի հարցում»,-ասել է Ուիլսոնը: Լիբանանի դեմ Իսրայելի հարձակումը ամերիկացի դիվանագետն անվանել է «այդ երկրի պաշտպանվելու բնական իրավունք» եւ հավելել, որ դա պայքար է ահաբեկչության դեմ: «Մենք միշտ կողմ ենք եղել քաղաքացիներին նվազագույն վնաս հասցնելուն: Թուրքիայի ռազմական գործողությունները Իրաքի հյուսիսում այլ բնույթի են: Բանն այն է, որ ահաբեկչության դեմ պայքարի պայմանները փոխվում են ըստ տարածաշրջանների: Թուրքիան աջակցություն է ստանում Իրաքում, իսկ Իսրայելը նման աջակցություն չունի Մերձավոր Արեւելքում: Բացի այդ, ՔԲԿ-ն գոյություն ունի ոչ միայն Իրաքի հյուսիսում, այլ նաեւ Եվրոպայում եւ Թուրքիայում: Այդ իրավիճակում չի հաջողվի լուծել խնդիրը ռազմական գործողություններ ծավալելով Իրաքի հյուսիսում»,-ընդգծել է ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը Ստամբուլում:

Իր հերթին, Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանն ի պատասխան հայտարարել է, որ դեսպանի խոսքերը «ստահոդ են»: «Նման հարցերի վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել բարձրաստիճան դեսպանորդների կողմից: Նման որոշումները կայացնում են Թուրքիայի կառավարությունը եւ այլ կազմակերպություններ: Մենք կկայացնենք եւ կիրագործենք մեր որոշումը»,-ասել է Էրդողանը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: