Փորձագետներ. ԵՏՄ-ն դեռ պետք է ամրության լրջագույն փորձություն անցնի

Փորձագետներ. ԵՏՄ-ն դեռ պետք է ամրության լրջագույն փորձություն անցնի

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ), որը սկսեց գործել տարեսկզբից, դեռ պետք է ամրության լրջագույն փորձության ենթարկվի: Խնդիրների արդյունավետ ու արագ լուծման համար պետք է ինտեգրման գործընթացներում լրջորեն ներգրավել նաև բիզնեսը, կարծում են վերլուծաբաններն ու գործարար շրջանակների ներկայացուցիչները:

Եվրասիական գործարար խորհրդի նախագահ Օլեգ Վելիկորեդչանինը, անդրադառնալով դժվարություններին, նշել է, որ դրանք առաջանում են մաքսային բեռների ձևակերպման, ինչպես նաև պետությունների ակցիզների ու հարկերի ոլորտներում տարբերությունների պատճառով: Ըստ գործարարի, անհրաժեշտ է համալիր մոտեցում խնդիրների լուծմանը:

Դժվարություններից մեկը «գորշ ներկրումն է»: Վելիկորեդչանինը նշել է, որ խնդիրն այն է, որ ԵՏՄ-ում Մոսկվայի գործընկերները կարող են միայն «բարոյապես սատարել» անցած ամռանից գործող սննդամթերքի էմբարգոյին, քանի որ այս պահին այդ ոլորտում գործող իրավական գործիքներ չկան, հայտնում է Investtalk.ru-ն:

«Բազում օրինակները վկայում են, որ այս պահին բացակայում են «գորշ ներմուծմանը» խոչընդոտող իրավաբանական հնարավորությունները: Իրական արդյունքներ տվող կարևոր լծակ են տարանցիկ բեռների ստուգումները, որոնք Բելառուսից Ղազախստան են տեղափոխվում Ռուսաստանի տարածքով: Սակայն մենք լիազորված չենք ստուգումներ անցկացնել: Այդ մարտահրավերը շատ լուրջ է, այն ԵՏՄ ամրության փորձաքարը կդառնա»,-ասել է նա:

ՌԴ Առևտրա-արդյունաբերական պալատի սպառողական շուկայի զարգացման հանձնախմբի ղեկավար Ալեքսանդր Բորիսովը կարծիք է հայտնել որ ԵՏՄ դժվարությունները սպասելի էին, սակայն դրանք հնարավոր չէ արագ լուծել: «Որպեսզի շուկան աշխատի, պահանջվում է տնտեսության գլխավոր դրույթների ամրապնդում, ոչ թե կարգախոսներ, կարևոր է այդ շուկան ձևավորողների վարքագիծը: Հաճախ իշխանությունները մոլորության մեջ են, որ այս կամ այն խնդիրը լուծելու համար բավական է պայմանագիր ստորագրել կամ օրենք ընդունել»,-ասել է նա:

Փորձագետը վստահություն է հայտնել, որ շատ բան որոշում է գործարարների ներգրավվածության աստիճանն այս կամ այն գործընթացին, որոնք նոր են հայտնվոըւմ ԵՏՄ հիմնարար փաստաթղթերում: Խոչընդոտների թվում Բորիսովը նշեց այն, որ շատ հետխորհրդային հանրապետություններում շատ բան նույն մակարդակում է մնացել: Այդպես, եթե ԵՄ-ում պարենային քաղաքականությունը միասնական է, ապա ԵՏՄ-ում ինքնաապահովման մակարդակն ու ագրարաարդյունաբերական համալիրի զարգացման մակարդակը տարբեր է:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---