20 հուլիսի 2006 - 14:40 AMT
Հուլիսի 21-ին Մոսկվայում կմեկնարկի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովը
Վաղը Մոսկվայում կմեկնարկի ԱՊՀ պետությունների ղեկավարների երկօրյա ոչ ֆորմալ գագաթնաժողովը: Հավանաբար Մոսկվա չի ժամանի միայն Թուրքմենստանի նախագահ Սապարմուրադ Նիյազովը, որը վերջերս խուսափում է նման հանդիպումներից: Հարցականի տակ է առայժ նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ժամանումը: Առաջիկա ոչ ֆորմալ գագաթնաժողովի օրակարգում կա երկու հիմնական հարց` աշխարհում ստեղծված իրավիճակի գնահատում եւ Համագործակցության կատարելագործում, բարեփոխում: «Դեռեւս ԱՊՀ նախագահության ժամանակ Ռուսաստանի նախագահը հրավիրել էր գործընկերներին այցելել Մոսկվա մինչ ընթացիկ տարվա աշնանը կայանալիք հերթական գագաթնաժողովը, որտեղ ոչ ֆորմալ իրավիճակում, առանց հստակ հաստատված օրակարգի հնարավոր կլինի խոսել ԱՊՀ բարեփոխման ուղիների մասին»,-ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, հաղորդում է «Վզգլյադը»:
Համաժողովին կմասնակցեն նաեւ Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Ղրղզստանի նախագահները: