Եգիպտոսն անհրաժեշտ է համարում միջազգային ռազմական միջամտությունը Լիբիայում

Եգիպտոսն անհրաժեշտ է համարում միջազգային ռազմական միջամտությունը Լիբիայում

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Ֆաթթահ աս Սիսին կոչ է անում ՄԱԿ ԱԽ-ին բանաձև ընդունել Լիբիայում միջազգային ռազմական միջամտության մասին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը Reuters-ին հղումով: «Այլընտրանք չկա, հաշվի առնելով Լիբիայի ժողովրդի և կառավարության համաձայնությունը և այն, որ նրանք կոչ են անում մեզ միջամտել»,- մեջբերում է գործակալությունը նախագահի հայտարարությունը, որ նա արել է Europe 1 ռադիոկայանի եթերում :

Եգիպտոսի նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում միջազգային ռազմական միջամտությունը Լիբիայում ահաբեկիչներին հակազդելու համար:

Փետրվարի 16-ին Եգիպտոսի ՌՕ ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Լիբիայում «Իսլամական պետության» դիրքերին համացանցում ղպտի եգիպտացիների գլխատման տեսանյութի տարածումից հետո: Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է մոտ 150 գրոհային:

«Իսլամական պետության» գրոհայինները տեսանյութ էին տարածել համացանցում «Արյունով գրված կոչ խաչապաշտ ժողովրդներին» վերտառությամբ:

Տեսագրության մեջ սևազգեստ մարդիկ ծովափնյա տեղանքում ուղեկցում են նարնջագույն հագած մոտ 20 գերիների՝ ղպտի քրիստոնյաների: Ըստ ներկայացված տեղեկատվության, գործողությունը տեղի է ունենում Միջերկրական ծովի ափին լիբիական Տրիպոլիի շրջանում: Բոլոր գերիները գլխատվել են

Եգիպտոսում 7-օրյա սուգ է հայտարարված: Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թևադրոս Բ-ին Լիբիայում ահաբեկիչների կողմից քսանմեկ ղպտի քրիստոնյաների սպանության կապակցությամբ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից Նորին Սրբությունը վշտակցություն է հայտնել ղպտի քրիստոնյաներին, Եգիպտոսի ժողովրդին և սպանվածների ընտանիքներին:

Դատապարտելով իրականացված ոճրագործությունը` Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել միջազգային հանրությանը առավել ջանքեր գործադրել Միջին Արևելքում արդարության և համերաշխության հաստատման համար, որպեսզի բացառվեն բռնություններն այն շրջաններում, ուր քրիստոնյաներն ու մահմեդականները դարեր շարունակ ապրում են խաղաղության և ներդաշնակության մեջ:

Ավելի վաղ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել էր Լիբիայում ահաբեկիչների կողմից եգիպտացի քրիստոնյաների սպանությունը: «Խստորեն դատապարտում ենք Լիբիայում ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը, որի հետևանքով քսանմեկ քրիստոնյաներ բարբարոսաբար սպանվեցին: Մեր ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին»,-ասված է մամուլի խոսնակի մեկնաբանության մեջ։

Լիբիայում իրադարձությունների զարգացումով մտահոգված է նաև ՌԴ ԱԳՆ-ն: Այդ մասին հայտարարեց ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: «Իրադարձությունների զարգացումը մտահոգիչ է: Պետք է հրաժարվել երկակի չափանիշներից, թե մի կողմում լավ իսլամիստներն են, մյուս կողմում՝ վատը, դրանք, ըստ էության, նույն մարդիկ են: Մենք համերաշխություն ենք հայտնում մեր եգիպտացի բարեկամներին, ցավակցություն ենք հայտնում, դատապարտում ենք այդ սարսափելի ահաբեկչությունը: «Իսլամական պետությունը» պետական սահմաններ չի ճանաչում: Այն նման է չարորակ ուռուցքի, որի մետաստազները տարածվել են տարբեր կողմեր: Դա շատ տագնապահարույց է և վերաբերում է նաև մեզ, մեր ազգային անվտանգությանն ու մեր բարեկամներին տարածաշրջանում»,-ասել է Բոգդանովը:

Ըստ Եգիպտոսից ստացված տվյալների, ավիահարվածների արդյունքում ոչնչացվածների թվում են նաև ԻՊ որոշ պարագլուխներ, այդ թվում տեղական օղակի ամենաազդեցիկ ղեկավար Բաշիր ադ Դրիսին, որը պատասխանատու էր Դերնայի տարածաշրջանի համար: Եգիպտացի բանակայինները հասկացրել են, որ մտադիր են շարունակել ավիահարվածները, ուժգնացնելով դրանց ինտենսիվությունը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---