Ֆրանսահայերը հորդորում են զգուշավոր լինել ԵԽ-ում Ցեղասպանության մասին բանաձևի նախագծի հարցում

Ֆրանսահայերը հորդորում են զգուշավոր լինել ԵԽ-ում Ցեղասպանության մասին բանաձևի նախագծի հարցում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը, ելույթ ունենալով «Հայոց ցեղասպանությունը 100 տարի անց. Պատմության դասերը» կլոր սեղանի մասնակիցների առջև, կոչ է արել զգուշավոր լինել Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագծի գրանցման հարցում:

Հունվարի 29-ին Եվրախորհրդարանում գրանցվել է բանաձևի նախագիծ, որով պատգամավորները կոչ են անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նախաձեռնության հեղինակներն են եվրոպական ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները: Բանաձևի տակ ստորագրվողների թվում են նաև ֆրանսիական «Ազգային ճակատի» անդամներ Մարին լե Պենը, Լուի Ալիոն, Ժան Լյուկ Շաֆհաուզերը և այլոք:

Այդ ոճրագործության 100-րդ տարելիցից մի քանի ամիս առաջ նման նախաձեռնությունը, կարծես, պետք է դրական արձագանքի արժանանար Եվրոպայի հայ համայնքի շրջանում, եթե չլիներ «բայցը», գրում է RFI-ը:

«Հայոց ցեղասպանության զոհերը չեն պատկանում ոչ մեզ, ոչ էլ որևէ քաղաքական ուժի: Մենք չենք կարող որևէ մեկին զրկել այդ ուղղությամբ գործելու իրավունքից: Ինչ վերաբերում է մեր կազմակերպությանը, մենք փորձել ենք անել այնպես, որ ոչ մի քաղաքական ուժ չկարողանա յուրացնել զոհերի անունից խոսելու իրավունքը: Մենք միշտ ջանացել ենք նպաստել փոխզիջմանը Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերի միջև այս հարցում, որպեսզի այն շահարկումների առարկա չդառնա»,-ասել է Թորանյանը:

«Ինչ վերաբերում է ծայրահեղ աջակողմյանների, իրերը պետք է իրենց անուններով կոչել, այս նախաձեռնությանը, ապա պետք է հիշեցնել, որ Հայոց ցեղասպանությունը բռնատիրական գաղափարախոսության արդյունք է, որի հիմքում մարդկանց խտրականությունն է: Ինձ թվում է, որ առնվազն զգուշավոր պետք է լինել նման նախաձեռնությունների դեպքում, հատկապես, երբ դրանք բխում են շարժումներից, որոնք կասկածելի դիրքորոշում ունեն խտրականության հարցում»,-ասել է նա:

Ինչպես գրում է պարբերականը, հայ համայնքի զգուշավորությունը միանգամայն հասկանալի է: Բավական է հիշել, որ դեռևս 2012-ին, ի դեպ հենց հունվարի 29-ին, Մարին լե Պենն իր նախընտրական արշավի ժամանակ ելույթներից մեկում հայտարարեց. «Ինձ վրդովեցնում է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»:

Այն ժամանակ նա մեղադրեց գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին հայկական հարցը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ: «Հանուն ժողովրդական միության» պատգամավոր Վալերի Բուայեն ներկայացրեց ԱԺ մի օրինագիծ, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը: Խորհրդարանն ընդունեց օրենքը, սակայն ավելի ուշ այն մերժվեց ՍԴ կողմից:

«Ազգային ճակատի» առաջնորդը, նախագահության թեկնածու լինելու ժամանակ, հստակ նախանշեց իր դիրքորոշումը հետևյալ խոսքերով. «Հարկավոր է սկզբից զբաղվել այն հարցերով, որոնք մեզ են վերաբերվում, Ֆրանսիայի խորհրդարանը չպետք է խառնվի հայ-թուրքական պատմությանը»: Նա նշեց, որ Թուրքիան, որը 2005-ից ի վեր ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածուն է, տեղ չունի Եվրոպայում: Հայոց ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ին Թուրքիայի անդամցության պայմաններից մեկն է:

Եվրախորհրդարանը նախկինում արդեն ընդունել է համապատասխան բանաձև՝ 1987 թ., որով պատգամավորները կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ բանաձևի տեքստում ասվում է, որ ժամանակակից Թուրքիան չպետք է պատասխանատու լինի այդ պատմական իրադարձությունների համար և վերջինիս կողմից Ցեղասպանության ճանաչումը չի հանգեցնի որևէ քաղաքական, իրավաբանական կամ նյութական պահանջների ներկայացմանը:

Փետրվարի 12-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ընդունեց «Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն աշխարհում» ամենամյա զեկույցը: Զեկույցը պարունակում է Հայաստանին վերաբերող մի քանի պարբերություն: Հատկապես կարևոր է, որ ի թիվս այլ հարցերի, այն հստակ մոտեցում է ցուցաբերում ցեղասպանությունների և դրանց ժխտման նկատմամբ: «Մասնավորապես, հանձնաժողովի քվեարկած նոր հավելվածներից մի քանիսը վերաբերում են ցեղասպանություններին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, դիմում են անդամ երկրներին ընդունել ցեղասպանությունը՝ կոչ անելով նրանց և ԵՄ ինստիտուտներին սատարել դրա ճանաչմանը»,- բացատրում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան

Հանձնաժողովը հայտարարել է, որ ցեղասպանությունների ժխտումը և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների ժխտումը պետք է դատապարտվեն և որակել է դրանք որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ուղղակի խախտում: Հանձնաժողովը նաև ընդունել է հայերի, եզդիների և տարբեր ազգային փոքրամասնությունների հանդեպ Իսլամական պետության կողմից իրականացվող հետապնդումներն ընդգծող հավելված՝ կոչ անելով ԵՄ-ին և անդամ պետություններին երաշխավորել նրանց ազատությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---