Թուրքական ԶԼՄ-ները հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու որոշման մասին

Թուրքական ԶԼՄ-ները հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու որոշման մասին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի որոշումը Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է:

Այս թեմային անդրադարձել են ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր թուրքական ԶԼՄ-ները: Որպես կանոն, ներկայացվում է միայն հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու փաստը: Որոշ դեպքերում բացառություն են կազմում վերնագրերը, որոնք գնահատականներ են պարունակում այս փաստին վերաբերմունքի առումով:

Թուրքիան Anadolu գործակալության «Սարգսյանը հետ է կանչել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները» վերնագրված հոդվածում բերվում են Հայաստանի նախագահի նշած դրդապատճառները. «Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը»:

Մեկ այլ իշխանամետ պարբերական՝ «Աքշամ» թերթը «Հայաստանի սադրիչ քայլը» հոդվածում գրում է, որ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված նամակում հայտնելով հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու որոշման մասին, ընդգծել էր, որ արձանագրությունների ստորագրումից ի վեր Հայաստանը դրանք կյանքի կոչելու հարցում ցուցաբերել է վճռական մոտեցում: Ըստ աղբյուրի՝ Հայաստանի նախագահը մեղադրել է թուրք գործիչներին, քաղաքական կամք չդրսևորելու, արձանագրությունների խոսքն ու էությունը խեղաթյուրելու և անընդհատ նոր նախապայմաններ են առաջ քաշելու մեջ: Ընդ որում վերջին միտքը գլխագրված է առանձին ենթավերնագրով, այն է. «Սարգսյանը նորից մեղադրեց Թուրքիային»:

«CNNTurk» լրատվական ծառայությունը «Սարգսյան. Թուրք իշխանավորների կամքի բացակայությունը աղավաղում է արձանագրությունների ոգին» հոդվածում ներկայացնում է արձանագրությունների ստորագրման նախապատմությունը:

Իսկ Hurriyet-ը հրապարակել է «Թուրքիայի պատասխանը Հայաստանին. սխալ և անհաջող քայլ» հոդվածը: Հրապարակված լուրի մեջ նշվում է, որ արձանագրությունները հետ կանչելու մասին իր նամակում Սերժ Սարգսյանը մեղադրել է Թուրքիային արձանագրությունների ոգուն հակառակ գործելու և անվերջ նախապայմաններ առաջ քաշելու մեջ: Աղբյուրի հաղորդմամբ` այդ կապակցությամբ «Hurriyet»-ի հետ զրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների առաջին արձագանքը եղել է հետևյալը` «Սխալ և անհաջող քայլ է»: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչները նաև նշել են. «Արձանագրությունները Հայաստանի խորհրդարանում սպասում էին, սակայն որևէ քայլ չէր արվում: Այս որոշումը Հայաստանի պաշտոնական շրջանակների սեփական ներքին գնահատականն է: Սակայն մենք այն ճիշտ չենք գտնում: Սա անկեղծությունից հեռու մոտեցում է»:

Այս թեմային են անդրադարձել նաև թուրքական ընդդիմադիր ԶԼՄ-ները: Taraf-ը նշում է, որ Թուրքիայի կառավարությունը բավականին խիստ քննադատության է ենթարկվել: Պետք է նշել, որ Taraf-ը դեռևս միակ թուրքական ԶԼՄ-ն է, որն ամբողջությամբ է մեջբերել նախագահ Սարգսյանի նամակի տեքստը:

Նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հանրապետության Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է.

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը:

Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:

Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվա-կանի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար: Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---