20 փետրվարի 2015 - 11:30 AMT
ԼՂՀ ՊՆ ղեկավար. Բաքվի հոխորտանքն անհիմն է, նրանք չունեն մարտունակության պատշաճ մակարդակ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորը, հաղթանակ տանելով լավ զինված հակառակորդի հանդեպ, կարողացավ իր շուրջ միավորել հանրության բոլոր շերտերին, անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից: Այդ մասին փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Ինչպես նշել է նախարարը, 2014-ին ԼՂՀ ՊԲ-ն կատարել է իր առջև դրված կարևոր խնդիրը՝ ապահովելով Արցախի անվտանգությունը: Կատարելագործվել են սպառազինությունն ու կազմակերպվածությունը, բարձրացել է բանակի մարտունակության մակարդակը: Հրամանատարական կազմի ուշադրության կենտրոնում եղել է առաջնագիծը: «Լուրջ քայլեր են կատարվել մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Առաջնագծի տեխնիկական միջոցների համալրումը թույլ է տալիս տեղեկանալ հակառակոդրի մտադրություններին և ժամանակին կանխարգելել նրա գործողությունները՝ կանխելով հայկական կողմի կորուստները»,-ասել է ՊԲ հրամանատարը:

Հակոբյանը նշել է նաև, որ միայն տեխնիկական զինումը բավարար չէ մարտունակության բարձրացման համար: «Զինվորն առաջին հերթին պետք է զգոն լինի, բարձր մարտական ոգի ունենա, իսկ իրավիճակն առաջնագծում ցույց է տալիս, որ մեր զինվորի ոգին ամուր է, մեր ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած խնդիր կատարել»,-ասել է Մովսես Հակոբյանը:

Անդրադառնալով լարվածության աճին շփման գծում՝ Հակոբյանը նշել է, որ հակառակորդը դրանով մի քանի նպատակ է հետապնդում.

• Խարխլել հայ հանրության վստահությունը բանակի հանդեպ կորուստների աճի միջոցով

• Ներքաշել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը սպառազինությունների մրցավազքի մեջ

• Ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա և նպաստել արտագաղթին

• Հաշվետու լինել սեփական բանակի սպառազինության վրա ծախսած միջոցների համար

• Ահաբեկել այն կազմակերպություններին, որոնք ներառված են խաղաղ կարգավորման գործընթացում:

Վերլուծելով հակառակորդի գործողությունները՝ ԼՂՀ ԶՈւ հրամանատարությունը եկավ այն եզրակացության, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն անհիմն են: «Դիվերսիոն գործողություններն իրականացնում է Թուրքիայում պատրաստություն անցած 062 հատուկ բրիգադը: Հակառակորդի ԶՈւ մյուս ստորաբաժանումները չեն մասնակցել ոչ մի դիվերսիոն գործողության, դա ապացուցում է, որ Ադրբեջանի ԶՈւ մարտական պատրաստականության մակարդակը չի համապատասխանում այդ երկրի ռազմատենչ հայտարարություններին»,-ասել է Մովսես Հակոբյանը, հայտնում է Armenia Today-ը:

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը փետրվարի 19-ինընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիկին և Պիեռ Անդրիոյին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները բանակի հրամանատարին են ներկայացրել տարածաշրջանային այցի արդյունքները, քննարկել հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարները: Այնուհետև նրանց խնդրանքով Մովսես Հակոբյանն անդրադարձել է շփման գծում տիրող իրադրությանն ու հրադադարի խախտման դեպքերին: Վերջում Արցախի ռազմական գեչատեսչության ղեկավարը պատասխանել է համանախագահներին հետաքրքող հարցերին: