Ժիրինովսկի. ԵՏՄ-ից բոլորն են շահում Ռուսաստանից բացի

Ժիրինովսկի. ԵՏՄ-ից բոլորն են շահում Ռուսաստանից բացի

PanARMENIAN.Net - Հայաստանն ակտիվորեն շարունակում է ինտեգրվել Եվրասիական տնտեսական միությանը: Առաջիկայում ՌԴ Պետդումայի պատգամավորները կքննարկեն և կընդունեն այսպես կոչված բացառումների մասին «ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև համաձայնագիրը վավերացնելու մասին», «ՌԴ միգրացիոն քաղաքականության մասին» օրենքները: Ոչ բոլոր օրենսդիրներն են հավանություն տալիս այն զիջումներին, որոնց գնում է Մոսկվան, ԵՏՄ և ՄՄ նոր անդամներ ներգրավելու համար: Պատասխան քայլերը ռուս գործիչներից շատերը համարում են չափազանց փոքր, գրում է «Նորությունների դաշնային ծառայությունը»:

Ինչպես գրում է պարբերականը, հազիվ թե նույնիսկ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները դեմ քվեարկեն Ռուսաստանի տարածքում հայերի կացության վերաբերյալ նոր օրենքին: Երևանում քննարկվում է նույնատիպ օրենք: Նման օրենքներ նախկինում ընդունվել են նաև Բելառուսի և Ղազախստանի ԵՏՄ-ին անդամակցության ժամանակ: Փաստաթղթով նախատեսվում է ՌԴ տարածքում հայերի կացության կանոնների փոփոխություն, ինչպես նաև Հայաստանում՝ ռուսաստանցիների: Խոսքը երկրորդ պետության տարածքում գրանցման պարտադիր պահանջի վերացումն է: Նման օրենքի անհրաժեշտություն առաջացավ, քանի որ 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ:

«Օրենքով նոր ծախսեր չեն պահանջվում, հակառակը բյուջետային միջոցները կտնտեսվեն, օրենքը կնպաստի բարիդրացիության, վստահության ու բարեկամության ամրապնդմանը ռուս և հայ ժողովրդների միջև և հավասարեցնում է երկկողմ իրավական համակարգը ԵՏՄ շրջանակում»,-ասել է ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի փոխնախագահ Տատյանա Մոսկալկովան:

Ըստ 2010 թ. մարդահամարի, Ռուսաստանում բնակվում է ՀՀ մոտ 1,2 մլն քաղաքացի, այսինքն բնակչության 0,86 տոկոսը: Հիմնականում նրանք բնակվում են ՌԴ հարավային շրջաններում՝ Ռոստովի մարզում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում: Հայաստանում բնակվում է 1,5 հազար ռուս, ինչը բնակչության ընդհանուր թվի 0,5 տոկոսն է:

Փորձագետներն ու քաղաքական գործիչները դժգոհում են Կրեմլի քաղաքականությունից մերձավոր արտերկրի հանդեպ: Նրանք կարծում են, որ հազիվ թե Ռուսաստանը երախտագիտության արժանանա բոլոր իր զիջումների համար գործընկերներից, որի վառ ապացույցն է ուկրաինական ճգնաժամը:

«Ռուսաստանը ԽՍՀՄ չէ, և պետք չէ նորից մանկապարտեզ խաղալ ու փորձել վերադարձնել միասնական արժույթն ու համատարած քաղաքացիությունը: Ինձ թվում է, Մաքսային միությունից և ԵՏՄ-ից շահում են Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը՝ մենք կրկնում ենք ԽՍՀՄ փորձը, ամեն ինչ արվում է Ռուսաստանի հաշվին: Այս պայմանագիրը միայն այն մասին է, որ հայերին հնարավորություն ենք տալիս Ռուսաստան ժամանել ու չգրանցվել: Արդեն չորրորդ երկրի համար ենք հանում գրանցման պահանջը: Լ՞ավ է դա թե վատ: Հավանաբար, վատ է հեռանկարում: Արդյո՞ք դա չի ավելացնի մեր երկիր ժամանող հանցագործների թիվը»,-հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

Թեև Ժիրինովսկին չհորդորեց գործընկերներին բոյկոտել օրենքի նախագիծը: Նա միայն հույս հայտնեց, որ ի վերջո, ՌԴ իշխանությունները առավել հեռատես կլինեն օրենքներ ընդունելիս:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---