Տեսականորեն չի բացառվում, որ Ադրբեջանը կարող է ռազմական աջակցություն ստանալ Թուրքիայից

PanARMENIAN.Net - Ներկայումս տարածաշրջանում տեղի է ունենում ուժերի նոր վերադասավորում, որտեղ մեծ դերակատարություն ունի իրանական գործոնը: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի արտաքին քաղաքականության հարցերի գծով պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, այդ դեպքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգումը ձեռնատու կլինի Հայաստանին: «Առաջիկա երկու տարում հակամարտությունը չի գտնի այն լուծումը, որը շահավետ է հայկական կողմի համար: Մեր երկիրն այդ ընթացքում պետք է գերագույն ջանքեր գործադրի հզորանալու համար: Լիբանանի իրադարձությունները ցույց տվեցին, որ թույլ պետությունը շատ հեշտ է դառնում ագրեսիայի օբյեկտ: Եթե Հայաստանն ուժեղ լինի, նրա հետ հաշվի կնստեն»,-նշել է Մանոյանը: «Հայ դատի» գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ ցանկացած հակամարտություն, որն երկար ժամանակ չի կարգավորվում, ավարտվում է պատերազմով: «Մենք դա հերթական անգամ տեսանք արաբա-իսրայելյան օրինակի վրա: Ինչ վերաբերում է տարածաշրջանում որոշ երկրների դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ապա տեսականորեն չի բացառվում, որ Ադրբեջանը կարող է ստանալ Թուրքիայի ռազմական աջակցությունը, եթե Բաքուն իրոք ցանկանա վերսկսել ռազմական գործողությունները: Սակայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի գործարկմամբ այդ տեսական ենթադրությունը գրեթե անհնար է դառնում: Նավթը տվյալ դեպքում կայունացնող գործոն կլինի»,-ընդգծել է Կիրո Մանոյանը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---