21 հուլիսի 2006 - 15:16 AMT
Ղարաբաղ. 2006 թվականին հնարավոր կլինի համաձայնության հասնել ընդհանուր սկզբունքների շուրջ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ 2006 թվականին ստեղծված իրավիճակը տարբերվում է նրանից, որ եղել է 1997 թվականին, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնանկությունից առաջ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի արտաքին քաղաքականության հարցերի գծով պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, թե 1997 թվականի հնարավորություններն այլեւս չեն կրկնվի, նա բոլորովին այլ բան ի նկատի ուներ: «Ես գտնում եմ, որ առաջին նախագահը ի նկատի ուներ, որ Հայաստանը ստիպված չի լինի կանգնել ընտրության առջեւ, ինչպես այն ժամանակ: 2006 թվականին լավագույն դեպքում հնարավոր կլիներ որոշակի համաձայնության հասնել ընդհանուր սկզբունքների շուրջ, ոչ ավելին: Սակայն Ադրբեջանի ոչ ադեկվատ վարքը ի չիք է դարձնում միջնորդների եւ համաշխարհային հանրության բոլոր ջանքերը»,-ասել է Մանոյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնության հասնեն անվտանգության գոտու վերաբերյալ, որը չի բխում հայ ժողովրդի շահերից, ՀՅԴ-ն կդիմի հայկական պետության ղեկավարին «օրենքով հաստատված կարգով» պարզաբանումներ ստանալու ակնկալիքով:

Անդրադառնալով բանակցությունների ձեւաչափի փոփոխության գաղափարին, որի հեղինակը Ադրբեջանն է, Կ.Մանոյանն ընդգծել է, որ դա ուղղակի պաշտոնական Բաքվի ցանկությունն է, որն որոշիչ չէ այս հարցում: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը այժմ մնում է նույնը: Առնվազն, մոտակա հեռանկարում»,-նշել է նա: