23 փետրվարի 2015 - 11:30 AMT
Բաքվում արտարժույթ չեն վաճառում, մարդիկ «մաքրում են» վաճառասեղանները

Ադրբեջանի բանկերն ու փոխանակման կետերը դադարեցրել են արտարժույթի վաճառքը:

Ադրբեջանի Կենտրոնական բանկի փետրվարի 21-ի որոշմամբ ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը հաստատվեց մեկ դոլարի դիմաց 1,05 մանաթ:

«Մեկ գիշերում ազգային արտարժույթը կտրուկ անկում է ապրել և մենք ակնկալում ենք, որ մանաթը գնալով կնվազի, ուստի, առայժմ դադարեցնում ենք արտարժույթի վաճառքը»,-ասել են փոխանակման կետերի սեփականատերերը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ ականատեսների, առավոտից Բաքվի փոխանակման կետերի առջև հսկայական հերթեր են առաջացել: Սակայն այստեղ ևս հրաժարվում են մանաթները փոխանակել դոլարով կամ եվրոյով: Վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանել արտարժույթի վաճառքների կասեցման պատճառը: ԿԲ ղեկավար Էլման Ռուստամովը փետրվարի 16-ին հայտարարեց, որ Ադրբեջանը մտադիր է հրաժարվել մանաթը դոլարին շաղկապելու քաղաքականությունից նավթի գների անկման ու տնտեսության վրա դրա ազդեցության պատճառով:

Ռուստամովը հայտնել է, որ ԿԲ-ն մտադիր է հրաժարվել դոլարի փորարժեքի ֆիքսված կուրսից հօգուտ «եվրո-դոլար» զամբյուղի, որտեղ 20-30 տոկոսը եվրոյին կտրվի, ըստ Ադրբեջանի արտաքին առևտրի ուղղվածության: Դա թույլ կտա թիրախավորել գնաճը 5-7 տոկոսի մակարդակում 2014-ի 1,4 տոկոսի դիմաց, ասել է ԿԲ ղեկավարը: Փետրվարի 16-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկը հրաժարվեց մանաթի փոխարժեքը դոլարի հետ կապելուց, ինչը հանգեցրեց արժեզրկման:

Կենտրոնական բանկի որոշումը խուճապ առաջացրեց բնակչության շրջանում:

Ըստ Haqqin.az-ի, մարդիկ վախենալով գների աճից, գնում են ինչ պատահի: Բոլոր խանութներում հսկայական հերթեր են: Հիմնականում գնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ ու սննդամթերք:

Մինչդեռ օրեր առաջ Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը հայտարարեց, թե Ադրբեջանում հիմքեր չկան մանաթի երկարատև թուլացման համար: «Մեր արժութային պահուստները կազմում են ՀՆԱ-ի շուրջ 70%-ը և մոտ 2,5 անգամ գերազանցում են շրջանառության մեջ գտնվող մանաթների ծավալը: Ուստի նման իրավիճակը չի վերաբերում Ադրբեջանին, սակայն մենք պետք է արձագանքենք աշխարհում տեղի ունեցող զարգացումներին»,- ասել էր նա:

Ինչպես օերս գրեց «Ազադլիգ» թերթը, տարին Ադրբեջանի տնտեսության համար սկսվել է բացասական ցուցանիշներով: Համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ անկումը ցույց տվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից անընդհատ թմբկահարվող «նմանը չունեցող տնտեսական զարգացման մասին» հեքիաթների ողջ սնանկությունը: Նավթի վաճառքի վրա հիմնված տնտեսությունը սկսեց քայքայվել հենց նավթի վաճառքի նվազման և արժեզրկման հետ, գրել էր թերթը: Ըստ պարբերականի, միայն հունվարին մանաթի կուրսը կայունացնելու համար Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը մեկ միլիարդ դոլարից ավելի գումար է ծախսել: