23 փետրվարի 2015 - 15:12 AMT
Ռուս-հունգարական ատոմային պայմանագիրը սառեցման վտանգի տակ է

Եվրոպայի կանոնակարգողներն ուսումնասիրում են ռուս-հունգարական պայմանագիրը, որով նախատեսվում է ավարտին հասցնել Պակշ քաղաքում ատոմային էլեկտրակայանի կառուցումը: Բրյուսելում ասում են, որ փաստաթղթի որոշ դրույթներ կարող են հակասել ընդհանուր քաղաքականությանը, գրում է ՌԲԿ-ն:

«Պակշ» ԱԷԿ-ը միակ գործող ատոմակայանն է Հունգարիայում: Կայանը գտնվում է Բուդապեշտից 100 կմ հեռավորության վրա, կառուցված է խորհրդային նախագծով, արտադրում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան 42 տոկոսը:

Նշվում է, որ ԵՄ-ն դեռևս մեղադրանքներ չի ներկայացրել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, սակայն միանգամից երկու հանձնաժողով է պարզում, թե որքանով է ռուս-հունգարական հաղորդագրությունը համապատասխանում միասնական Եվրոպայի սկզբունքներին:

Կասկածելի է հայտարարված պայմանագրի ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական կողմը, հայտնել է Financial Times-ի աղբյուրը Բրյուսելում:

Ինչպես նշել է ՌԲԿ-ն, մասնավորապես, պաշտոնյաների համար կասկածելի է թվում այն փաստը, որ «Ռոսատոմը» ստացավ պայմանագիրն առանց մրցույթի: Հունգարիան նաև չի ստացել ատոմային էներգիայի հարցերով զբաղվող եվրոպական գործակալության համաձայնությունը: Աղբյուրը նշել է, որ այդ հարցերի քննարկումը նախնական փուլում է գտնվում, ուստի Բուդապեշտը դեռ ժամանակ կունենա իր դիրքորոշումը պարզաբանելու համար:

ՌԴ հետ համաձայնությունը վեճեր է առաջացրել նաև բուն Հունգարիայում, որտեղ ընդդիմությունը հայտարարեց, որ պայմանագիրը ոչ միայն շատ թանկարժեք է, այլ նաև ուժգնացնում է Բուդապեշտի կախվածությունը Մոսկվայից: Հունգարիայի վարչապետ Վիկտր Օրբանը հերքում է բոլոր մեղադրանքները: Ըստ վարչապետի, ԱՄՆ-ն կցանկանար մասնակցել հունգարական ԱԷԿ-ի շինարարությանը և «ցավագին» է ընդունել այն փաստը, որ գործարքն իր հետ չի կնքվել:

Դեկտեմբերի սկզբին «Ռոսատոմը» երկու նոր բլոկ կառուցելու վերաբերյալ պայմանագիր կնքեց Հունգարիայի հետ: Մոսկվան 10 մլրդ դոլարի վարկ կտրամադրի Հունգարիային, որը Բուդապեշտը կսկսի մարել ատոմակայանի բլոկի գործարկումից հետո: Անցած շաբաթ Հունգարիա Պուտինի այցի ժամանակ կողմերը պայմանավորվեցին, որ Բուդապեշտը չի վճարի չօգտագործված ռուսական գազի դիմաց: