Դամասկոսը մեղադրում է Թուրքիային «Սիրիայի տարածք ռազմական ներխուժման» մեջ

Դամասկոսը մեղադրում է Թուրքիային «Սիրիայի տարածք ռազմական ներխուժման» մեջ

PanARMENIAN.Net - Սիրիան ամբողջապես Անկարային է պատասխանատու համարում «ագրեսիայի և 1921 թ. Շահ Սուլեյմանի դամբարանի կարգավիճակի մասին համաձայնագիրը խախտելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը ՍԱՆԱ գործակալության վրա հղումով:

Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը թուրքական բանակի գործողություններն անվանել է «անսքող ռազմական ներխուժում Սիրիայի տարածք»:

«Չնայած, որ թուրքական կողմը տեղեկացրել էր Ստամբուլում Սիրիայի հյուպատոսությանը դամբարանը տեղափոխելու մասին, Անկարայում որոշեցին չսպասել Սիրիայի կառավարության համաձայնությանը, որն անհրաժեշտ էր ըստ 1921թ. Թուրքիայի և ֆրանսիացի գաղութարարների միջև կնքված պայմանագրի»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Դամասկոսում կասկած են հայտնել «Թուրքիայի ձեռնարկած քայլի իրական նպատակի վերաբերյալ»: Ինչպես նշել է ԱԳՆ ներկայացուցիչը, դամբարանը գտնվում է Ռաքքայի գավառում, որտեղ գործում են «Իսլամական պետության» գրոհայինները:

«Նրանք եկեղեցիներ, մզկիթներ, դամբարաններ (մահմեդականների) են ոչնչացնում,սակայն ոչ մի անգամ չեն գրոհել շահ Սուլեյմանի դամբարանը, ինչը վկայում է Թուրքիայի ու ԻՊ սերտ կապերի մասին»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը: Նա կրկին մեղադրել է Անկարային ԻՊ և Սիրիայում գործող մեկ այլ ծայրահեղական խմբավորման՝ «Ջեբհաթ ան Նուսրայի» ավազակախմբերին «համակողմանի աջակցություն» ցույց տալու համար:

Փետրվարի լույս 23-ի գիշերը թուրքական զինվորական ստորաբաժանումները Կոբանի քաղաքի մոտակայքում հատել են թուրք–սիրիական սահմանը և 100 միավոր ծանր ռազմատեխնիկայից բաղկացած շարասյունով մուտք գործել Սիրիայի տարածք։ Գրավյալ հատվածում է գտնվում Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի պապ` Սուլեյման շահի դամբարանը, որը հսկում էին թուրքական պահակախմբի 38 անդամները:

«Մեր զինվորականների կողմից տարհանված շահ Սուլեյմանի մասունքները կտեղափոխվեն Աշմե, սահմանից 200 մ հեռավորության վրա, որտեղ այժմ բարձրացված է թուրքական դրոշը: Նախկինում դամբարանի գտնվելու վայրը փոխվել է երկու անգամ: Այժմ մենք բարձրացնում ենք դրոշը և կշարունակենք հարգել մեր նախնու հիշատակը ըստ միջազգային օրենքների ու համաձայնագրերի»,-ասել է նախագահը:

Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, որն Էրդողանի և ռազմական ղեկավարության հետ միասին հետևել է գործողության ընթացքին, ասել է լրագրողներին, որ «սրբության տեղափոխումը չի նշանակում, որ փոփոխություններ կարող են արվել դամբարանի կարգավիճակի մասին համաձայնագրում: Նմանատիպ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի ԱԳՆ՝ նշելով, որ դամբարանը տեղափոխվել է «անվտանգության նկատառումներով»:

Ինչպես իր հերթին հայտնել է Ֆիրաթ գործակալությունը, շահ Սուլեյմանի դամբարանը ժամանակավորապես կտեղակայվի Աշմե գյուղում՝ Կոբանի քաղաքից դեպի արևմուտք, որը վերջերս ազատագրեցին քրդական զինյալ ուժերը: Ըստ հաղորդագրության, Քրդական ինքնապաշտպանության ուժերը ակտիվ մասնակցություն են ունեցել գործողությանը: Բլուրը, որտեղ տեղակայվելու է դամբարանը, շրջապատված է թուրքական տանկերով: Զինծառայողները տեղանքը շրջապատում են փշալարերով»,-ասել է Քրդական ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---