24 փետրվարի 2015 - 11:14 AMT
Շվեդ իրավագետ. Հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, ոչ թե տեղահանում

Փետրվարի 19-ին «Շվեդիայի ռադիոյով» հեռարձակվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցազրույց հայտնի միջազգային իրավագետ Օվե Բրինգի հետ, հայտնում է ArmenianGenocide100.org-ը:

Պրոֆեսոր Բրինգը ներկայացրել է Ցեղասպանության տարիներին Օսմանյան Թուրքիայում տիրող իրավիճակը՝ ընդգծելով, որ երկրի կառավարությունն ուներ կայսրության տարածքում ապրող հայ և այլ քրիստոնյա փոքրամասնությունների միաձուլման խնդիր, ինչը իրականացվեց բնաջնջման ճանապարհով՝ օգտվելով Առաջին Աշխարհամարտի պայմաններում ստեղծված անկանոն իրավիճակից։

Ներկայացվեց Ցեղասպանության ընթացքը, ընդգծելով դրա փուլային բնույթը՝ ինչի արդյունքում նախ ձերբակալվեցին և սպանվեցին հայ մտավորականության ներկայացուցիչները, որից հետո տեղահանվեցին և գաղթի ճանապարհին բնաջնջվեցին բնակչության մյուս հատվածը՝ հիմնականում կանայք, երեխաներ և մեծահասակներ։ Համեմատականներ անցկացնելով այլ ցեղասպանությունների հետ՝ պրոֆեսոր Բրինգը նշեց, որ փուլային բնույթ են կրել նաև Հոլոքոստը, Կամբոջայում տեղի ունեցած ցեղասպանությունը և այլ զանգվածային բնաջնջումներ։

Միջազգային իրավունքի մասնագետն առանձնահատուկ կերպով նշեց, որ այն ինչ կատարվեց հայերի հետ Օսմանյան կայսրությունում, Ցեղասպանություն էր, այլ ոչ թե ուղղակի տեղահանում, քանի որ տեղահանումը ենթադրում է մարդկանց խմբի վերաբնակեցման կազմակերպում, նախապես անհրաժեշտ պայմանների ստեղծում և բնակավայրերի պատրաստում։ Շարունակելով իր խոսքը՝ պրոֆեսորը նշեց, որ հակառակ դրան հրամայված էր գաղթի ճանապարհին սպանել ինչքան հնարավոր է շատ հայ։

Պրոֆեսոր Բրինգը անդրադարձավ նաև Ցեղասպանության գործում երկրի քուրդ բնակչության ակտիվ մասնակցությանը՝ նշելով, որ ներկայումս Թուրքիայում ապրող շատ քրդեր չեն թաքցնում, որ իրենք ապրում են հայերի տներում և օգտվում են հայերի գույքից։

Ավարտելով իր խոսքը պրոֆեսոր Բրինգը նշեց, որ տարբեր հաշվարկներով ցեղասպանության տարիներին սպանվել է 1-1․5 մլն մարդ, կան 1916թ-ին հրապարակված տվյալներ մոտ 900 հազար սպանվածի վերաբերյալ, ինչպես նաև բազմաթիվ վկայություններ, և Ցեղասպանության արդյունքում է, որ ներկայումս հայերը սփռված են ամբողջ աշխարհով մեկ։