24 փետրվարի 2015 - 11:52 AMT
ՕՊԵԿ-ը կարող է արտահերթ նիստ գումարել նավթի գների անկման պատճառով

ՕՊԵԿ անդամ երկրները քննարկում են արտահերթ նիստ հրավիրելու հնարավորությունը, եթե նավթի գները շարունակեն նվազել, հայտնում է ՌԲԿ-ն:

Այդ մասին The Finacial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ՕՊԵԿ նախագահը, Նիգերիայի նավթի նախարար Դիեզանի Ալիսոն-Մադուկեն: Ըստ նրա, ՕՊԵԿ անդամ շատ երկրներ մտահոգված են նավթի գների անկման ազդեցությամբ իրենց տնտեսությունների վրա:

Եթե գներն ավելի նվազեն, ապա «շատ հավանական է, որ ստիպված կլինենք ՕՊԵԿ արտահերթ նիստ գումարել առաջիկա վեց շաբաթում»,-ասել է նա:

«ՕՊԵԿ գրեթե բոլոր երկրները, բացի, հավանաբար, արաբական բլոկի երկրներից, դժվար վիճակում են հայտնվել»,-հավելել է նախարարը:

Պարբերականը նշում է, որ, չնայած ՕՊԵԿ նախագահի հայտարարությանը, կազմակերպության առաջատար Սաուդյան Արաբիան հազիվ թե համաձայնվի արտահերթ նիստ անցկացնել, քանի որ ընտրել է շուկայի իր մասնաբաժինը պահպանելու ռազմավարությունը, թեկուզ նավթի ցածր գների դեպքում:

Կազմակերպության անդամ երկրների կանոնավոր հանդիպումը կայանալու է հունիսին, արտահերթ հանդիպման համար պետք է 12 անդամ երկրների համաձայնությունը:

2014-ի նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:

Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին: