24 փետրվարի 2015 - 12:17 AMT
Դավութօղլուն արդարացնում է ներխուժումը Սիրիա «պատմական ժառանգությունը պահպանելու» անհրաժեշտությամբ

Անկարան իրավունք ունի բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել ապահովելու համար իր զինվորականների անվտանգությունն ու պատմական ժառանգության պահպանումը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով թուրքական բանակի գործողությունը, երբ Սիրիայից տարհանվեցին շահ Սուլեյմանի դամբարանն ու պահապան զինվորականները:

Փետրվարի լույս 23-ի գիշերը թուրքական զինվորական ստորաբաժանումները Կոբանի քաղաքի մոտակայքում հատել են թուրք–սիրիական սահմանը և ներխուժել Սիրիայի տարածք։ Գրավյալ հատվածում է գտնվում Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի պապ` Սուլեյման շահի դամբարանը, որը հսկում էին թուրքական պահակախմբի 39 անդամները:

Գործողությանը մասնակցել է 700 թուրք զինվոր, 100 միավոր ռազմական տեխնիկա, ներառյալ 39 տանկ: Տարհանման ժամանակ պատվո պահակախմբի մեկ անդամը մահացել է:

«Մենք պարտավոր ենք ապահովել մեր զինվորների անվտանգությունն ու պահպանել մեր պատմական ժառանգությունը: Առանց տատանվելու մենք առաջիկայում ևս նման քայլեր կձեռնարկենք, եթե ազգային անվտանգության հարց լինի»,-ասել է Դավութօղլուն Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:

Նա հավելել է, որ գործողությունը ռազմավարական քայլ էր կանխելու համար սադրանքները, սպառնալիքներն ու շանտաժը Սիրիայի տարածքում թուրք զինվորականների ներկայության վերաբերյալ: Ըստ նրա, Անկարայի քաղաքականությունը Սիրիայի հարցում անփոփոխ է մնում , իսկ գործողությունն իրականացվեց այդ երկրում ռազմական հակամարտության սրացման ու «Իսլամական պետության» կողմից սպառնալիքների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Լոնդոնում լույս տեսնող «Ա Շարք ալ Ասուաթ» թերթը հայտնել է, որ Թուրքիան զգուշացրել է ԻՊ հրամանատարությանը գործողության անցկացման մասին փետրվարի 22-ին: Թերթը հղում է կատարում Անկարայի կառավարական շրջանակում անհայտ աղբյուրի վրա, որն ասել է, թե ԻՊ-ն իրազեկվել է ոչ պաշտոնական կանալներով: Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչը հրաժարվել է մեկնաբանել հրապարակումը:

Սիրիայի կառավարությունն իր հերթին պատասխանեց թուրք զինվորականների ներխուժմանը Սիրիա: Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեկդադը հայտարարեց, որ երկիրն իրեն իրավունք է վերապահում պատասխանել ռազմական ներխուժմանը: Նա կոչ է արել համաշխարհային հանրությանն ուշադրություն դարձնել Սիրիայի ինքնիշխանության խախտման փաստին թուրք զինվորականների կողմից: Մեկդադը հայտնել է, որ թուրք զինվորականները պետք է պատասխան տան դրա համար:

Շահ Սուլեյմանի դամբարանը գտնվում էր Սիրիայի տարածքում, որն ըստ 1921թ. պայմանագրի, թուրքական տարածք է համարվում, այսինքն՝ անկլավ: