9 դեկտեմբերի 2002 - 19:08 AMT
ԲԻՇՔԵԿՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ՀԱՊ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Դեկտեմբերի 10-11-ը Բիշքեկում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 5-րդ նիստը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, նիստում Հայաստանը կներկայացնի պաշտպանության նախարարի խորհրդական, գնդապետ Հայկ Քոթանջյանը: Ռուսական աղբյուրների համաձայն, նիստի մասնակիցների ուշադրության կենտրոնում կգտնվեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում` Իրաքի շուրջ ստեղծված իրավիճակը: Կոմիտեն կքննարկի Հավաքական անվտանգության խորհրդի ընթացիկ տարվա մայիսին Մոսկվայում ընդունված որոշումների իրականացման ընթացքը, որոնք վերաբերում են Հավաքական անվտանգության պայմանագրի ռազմական բաղադրիչի զարգացմանն ու ամրապնդմանը եւ ՀԱՊ-ին միջազգային տարածաշրջանային կազմակերպության կարգավիճակ տալուն: Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաեւ միջազգային ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության եւ ՀԱՊ պետությունների ազգային անվտանգության շահերը շոշափող այլ հարցեր: