25 հուլիսի 2006 - 14:51 AMT
Վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղն անպայման մասնակցելու է բանակցություններին
«Ես չեմ կարծում, որ միջնորդները նոր առաջարկներ ունեն, սակայն, ամեն դեպքում, ամերիկացի համանախագահի այցը լավ հնարավորություն է հանդիսանում, որպեսզի մենք մեր դիրքորոշումը ներկայացնենք եւ' ՄԵթյու Բրայազային, եւ' մյուս համանախագահներին»: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Մեթյու Բրայազայի առաջիկա այցելությունը տարածաշրջան, այդ թվում եւ Ստեփանակերտ: Միեւնույն ժամանակ, Արկադի Ղուկասյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը անհրաժեշտ է ոչ միայն ԼՂՀ-ին, այլեւ կարգավորման գործընթացին ընդհանրապես: «Վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղն անպայման մասնակցելու է գործընթացին, քանի որ առանց ԼՂՀ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու հարցի կարգավորումն անհնարին է: Ե՞րբ դա կլինի... Ես չեմ կարծում, որ Ադրբեջանն այսօր պատրաստ է բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը խուսափում է մեզ հետ բանակցելուց, քանի որ նրա դիրքորոշումը կառուցողական չէ»,- ասել է նախագահը: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ երկրորդ հանրքվեն անցկացնելու վերաբերյալ հարցին պատասխանելով` Արկադի Ղուկասյանը նշեց, որ Լեռնային Ղարբաղում արդեն հանրաքվե անցկացվել է եւ դրա արդյունքները պարզ են բոլորի համար: «Եթե այսօր երաշխիքներ լինեին, որ միջազգային հանրությունը ճանաչի վաղվա հանրաքվեն, ապա մենք կմտածեինք դրա շուրջ»,- ասել է ԼՂՀ նախագահը, հայտնում է Regnum-ը: