25 հուլիսի 2006 - 19:45 AMT
Հայ զինվորները բարձրացնում են Հայաստանի պատիվը ողջ աշխարհում
Երեք տարիների ընթացքում հայ խաղաղապահները կատարել են իրենց առջեւ դրված խնդիրներն ինչպես Կոսովոյում, այնպես էլ Իրաքում: Այդ մասին Երեւանում հայտարարել է պաշտպանության նխարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, կարճ ժամանակահատվածում հայ խաղաղապահները կարողացել են իրենց ցուցադրել լավագույն կողմից, ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ բարոյական տեսանկյունից: «Չի եղել որեւէ դեպք, որ մեր զինվորականները սխալ քայլ անեն: Նրանց անբասիր ծառայությունը բարձր են գնահատել Կոսովոյի խաղաղության պահպանման եւ Իրաքի վերականգնման հրամանատարությունները: ՆԱՏՕ-ի հրամանատարությունը Կոսովոյում եւ Իրաքի խաղաղպահ ուժերի հրամանատարությունը բարձր են գնահատել հայ զինվորների պրոֆեսիոնալիզմը, աշխատասիրությունն ու պատասխանատվության զգացումը: Ինչպես նշել է իր շնորհակալական նամակում Բրիգադի հրամատար Ջերզի Միխայլովսկին, հայ զինվորները բարձրացնում են Հայաստանի պատիվը ողջ աշխարհում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը դարձել է կարեւոր երկիր խաղաղապահ գործողություններում: «Մենք չենք առանձնացնում մեր երկրի պաշտպանությունը անվտանգության համաշխարհային խնդիրներից»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:

Ինչ վերաբերում է հայ խաղաղապահների հետագա մասնակցությանը նման գործողություններում այլ վայրերում, ապա, Սերժ Սարգսյանի խոսքերով, դա որոշում է ՀՀ Ազգային Ժողովը: «Ես կարծում եմ, որ պատգամավորները հասկանում են, որ Հայաստանի համար որքան կարեւոր է մասնակցությունը նման միջոցառումներին, եւ դեկտեմբերին, երբ ավարտվում է դրանց ժամկետը, ճիշտ որոշում կընդունեն»,- ասել է նա: