Դիվերսիա Արցախում. Ոչնչացվել է հակառակորդի 3 զինվոր և հատուկ ստորաբաժանման 4 զինծառայող

Դիվերսիա Արցախում. Ոչնչացվել է հակառակորդի 3 զինվոր և հատուկ ստորաբաժանման 4 զինծառայող

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և միաժամանակ հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ փորձում իրականացնել դիվերսիոն հետախուզական գործողություններ։ Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 80 մմ ականանետերից, Իստիգլալ, ՀԱՆ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներից արձակելով մոտ 4500 կրակոց:

Բացի նշված միջոցներից, հակառակորդը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է նաև «ԶԻԿ -23-2» զինատեսակ: Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր և «ԶԻԿ-23-2» զինատեսակը։

Նույն ժամանակահատվածում Արցախի ԶՈՒ մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում։ Ըստ հաստատված տվյալների` ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող: Այս գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին թելադրել իրենց կամքը:

Մինչ այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, թե մարտի լույս 6-ի գիշերը՝ «հայկական զինուժի դիվերսիոն-հետախուզական խմբի» հետ մարտի ժամանակ, աջ ձեռքից վիրավորվել է երկրի ԶՈւ զինծառայող, սերժանտ Զահիդով Դեյանեթ Մեհման օղլուն:

Հաղորդագրության մեջ նշված է, որ գիշերվա ընթացքում հայկական կողմը դիվերսիա է իրականացրել Աղդամ-Թերթեր հատվածում, որի ժամանակ էլ վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը:

Մարտի 5-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ սահմաններին իրավիճակը լարված է, բայց վերահսկելի. «Պարբերաբար կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումներն ավելանում են: Հայկական Զինուժը թե Արցախում, թե Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության հարցում իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Լինում են սադրանքներ, որոնք արժանի հակահարվածներ են ստանում»:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---