ՄԱԿ գլխավոր քարտուղար. ԻՊ կողմից մշակութային արժեքների ոչնչացումը ռազմական հանցագործություն է

ՄԱԿ գլխավոր քարտուղար. ԻՊ կողմից մշակութային արժեքների ոչնչացումը ռազմական հանցագործություն է

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից հինավուրց ասորական Նեմրութ քաղաքի ավերակների ոչնչացումը իրաքյան Մոսուլից ոչ հեռու: Նա զգուշացրել է, որ դա ռազմական հանցագործություն է:

«Գլխավոր քարտուղարը վճռականապես դատապարտել է շարունակական դարձած ահաբեկչական գործողություններն ու ԻՊ միջազգային իրավունքի խախտումները, այդ թվում Իրաքի մշակութային արժեքների ոչնչացումը, որի վառ ապացույցն է վերջին հարձակումը Նեմրութի ավերակների վրա»,-ասվում է ՄԱԿ մամուլի հաղորդագրության մեջ: «Մեր ընդհանուր մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը ռազմական հանցագործություն է և հարձակում ողջ մարդկության դեմ»-ասվում է փաստաթղթում:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Պան Գի Մունը մարտի 6-ին հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ՝ քննարկելով վերջին իրադարձություններն Իրաքում: ՄԱԿ գլխավոր քարտուղարը սատարեց միջազգային հանրությանն ուղղված նրա կոչին՝ թույլ չտալ մշակութային հուշարձանների միտումնավոր ոչնչացում, կասեցնել պատմական արժեք ներկայացնող իրերի ապօրինի վաճառքը: Բոկովան զգուշացրել է, որ ԻՊ եկամուտները մաքսանենգությունից թույլ են տալիս նրան շարունակել ահաբեկչական գործողությունները:

«Իսլամական պետության» գրոհայինները հատուկ տեխնիկայի միջոցով հողին են հավասարեցրել Քալախ (բիբլիական անվանումը՝ Նեմրութ) հինավուրց քաղաքի ավերակները, որը հիմնվել է մ.թ.ա. 13-րդ դարում: Նեմրութը հիմնել է մ.թ.ա XIII դարում Սալմանասար Առաջինը, իսկ 400 տարի անց այն դարձավ Ասորեստանի մայրաքաղաքը: «Մ.թ.ա 612 թվականին քաղաքն ավերվեց միդացիների և քաղկեդոնացիների կողմից: Մոսուլի հարավ-արևելքում գտնվող ավերակներում պեղումներ են կատարվում XIX դարի կեսից և շատ կարևոր գտածոներ են հայտնաբերվել: 2003-ին ամերիյյան զորքերի ներխուժման հետևանքով այնտեղ խոշոր ավերածություններ եղան:

ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչ Մուհամմեդ Ալի ալ Հաքիմը կատարվածն անվանել է «ամբողջ մարդկության ողբերգությունը»: Ըստ նրա, ԻՊ-ն «վերադարձնում է մարդկությանը միջնադար»: «Ես կոչ եմ անում ԻՊ-ին սատարողներին, լինի դա երկիր կամ կազմակերպություն, նայել, թե ինչ են նրանք անում Մոսուլում, Նեմրությում: Այդ հինավուրց քաղաքները կանգուն են եղել 3 հազարամյակ, իսկ հիմա ուղղակի ոչնչացվեցին»,-ասել է դիվանագետը:

Նա հայտնել է, որ օրվա ընթացքում հանդիպումներ է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի և ՄԱԿ ԱԽ-ում նախագահող ֆրանսիացի դիվանագետ Ֆրանսուա Դելատորի հետ: Պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է արդյոք Բաղդադը ԱԽ նիստ գումարել այս հարցի քննարկման համար, Ալ Հաքիմը նշել է, որ գլխավորը ոչ թե հանդիպումներ անցկացնելն ու փաստաթղթեր ընդունելն է, այլ այն, թե ինչ ազդեցություն դա կունենա Իրաքում իրական իրավիճակի վրա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» գրոհայիններն Իրաքի հյուսիսում ոչնչացրել են հազարամյակների վաղեմության արձանների և քանդակների հավաքածուն: Ավերածության ենթարկված հուշարձանների քանակը չի նշվում:

Ծայրահեղականներից մեկը տեսանյութ է զետեղել համացանցում, որտեղ երևում է, թե ինչպես են որոշ հուշարձաններ կոտրում մեծ մահակով: Հուշարձանների մի մասը դասվում է մ.թ. ա VII դարին՝ ասորական դարաշրջանին: Ինչպես բացատրում է հոլովակում իսլամիստներից մեկը, արձաններն ու քանդակները նպաստում են կռապաշտությանը: «Մարգարեն պատգամել է մեզ ձերբազատվել քանդակներից ու հուշարձաններից, նրա հետևորդները նույնն էին անում, երբ երկիր էին գրավում»,-հայտարարել է գրոհայիններից մեկը, հայտնում է Reuters-ը:

Իսլամիստների գրաված Մոսուլի թանգարանի նախկին աշխատակիցը կարծում է, որ ցուցանմուշները պատկանում էին այդ թանգարանին: Ըստ իրաքցի հնագետ Լամին ալ Գայլանի, ջիհադականների հասցրած վնասը համեմատելի է 2001-ին Բուդդայի արձանի պայթեցման հետ թալիբների կողմից:

ՅՈւՆԵՍԿՕ-ն հորդորել է ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ գումարել Իրաքի մշակութային ժառանգության պահպանման հարցով, որի օբյեկտները ոչնչացնում են ԻՊ գրոհայինները:

Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ «Իսլամական պետւթյան» գրոհայինները պայթեցրել են Իրաքի Մոսուլի կենտրոնական գրադարանը՝ 10 հազար գիրք ոչնչացնելով: Գրադարանի բակում իսլամիստները խարույկ են վառել գրքերից ու ձեռագրերից, որոնք Իրաքի մշակութային ժառանգությունն էին: Ոչնչացված գրքերի թվում են նաև մշակույթի, փիլիսոփայության ու պատմության եզակի նմուշներ: ԻՊ գրոհայինները արդարացրել են իրենց գործողությունները նրանով, որ գրքերն ու ձեռագրերը իբր այլախոհություն էին սերմանում:

Հունվարի 9-ին «Իսլամական պետության» միավորման մաս հանդիսացող «Լիբանանի ազատագրման շարժման» ահաբեկիչներն ականանետներից գնդակոծեցին Հալեպի Ալ Թիլալ թաղամասում գտնվող Սբ Ռիտայի հայ կաթողիկե եկեղեցին:

2014-ի աշնանը ԻՊ ահաբեկիչները ոչնչացրեցին Դեր Զորի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, պղծեցին հայ կաթողիկե եկեղեցին Ռաքքայում: Հայաբնակ Քեսաբի ուղղությամբ «Ան Նուսրայի» իսլամիստների գրոհի և դրան հաջորդած մարտերի ժամանակ տուժեց քաղաքի հայկական եկեղեցին և հայերի նյութական ու մշակութային այլ օբեյկտներ:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---