27 հուլիսի 2006 - 18:47 AMT
ԼՂՀ ԱԳՆ. Բանակցությունների ներկա ձեւաչափը չի արտացոլում հակամարտության էությունը
Լեռնային Ղարաբաղի համար բանակցությունները ինքնանպատակ չեն, սակայն ԼՂՀ իշխանությունները պատրաստ են քննարկելու ցանկացած հարց, որը չի ոտնահարում Ղարաբաղի ժողովրդի շահերը եւ սպառնալիքի տակ չի դնում նրա անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ հանդիպման ժամանակ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բավական բարդ է, քանի որ այստեղ բախվում են բազմաթիվ շահեր, որոնք առանձնակի հրատապություն են ստանում տարածաշրջանում եւ ամբողջությամբ վերցրած` աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների լույսի ներքո, իսկ ղարաբաղյան կարգավորման բանակցային ներկա ձեւաչափը չի արտացոլում հակամարտության էությունը»,-ասել է Գեորգի Պետրոսյանը:

Լեռնային Ղարաբաղի արտաքաին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ափսոսանք հէյատնել, որ միջնորդներն իրենց ուշադրությունը սեւեռել են ոչ թե հակամարտության էության, այլ հակամարտության հետեւանքների վերացման վրա: «Վերստին ընդգծենք, առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, որ հակամարտության ընթացքում առավել շատ տուժած կողմն է, անհնար է հասնել որեւէ համաձայնագրի եւ նրա իրականացման»,-ասել է Գեորգի Պետրոսյանը:

Միեւնույն ժամանակ, նա ավելացրեց, որ այսօր ԼՂՀ ժողովրդի առջեւ դրված է ոչ թե գոյատեւման, այլ զարգացման խնդիր: «Այդ կապակցությամբ մենք կարեւոր նշանակություն ենք տալիս ժողովրդավարացման գործընթացներին: Ինչքան ավելի ազատ լինեն մարդիկ, այնքան ավելի պաշտպանված կլինեն նրանց իրավունքները մեր երկրի ներսում, այնքան ավելի մենք ուժեղ կլինենք: Մեզ համար դա ռազմավարական ճանապարհ է»,-ընդգծել է Գեորգի Պետրոսյանը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: