Աճառյանի անվան դպրոցի գույքը կփոխանցվի սահմանամերձ համայնքների դպրոցներին

Աճառյանի անվան դպրոցի գույքը կփոխանցվի սահմանամերձ համայնքների դպրոցներին

PanARMENIAN.Net - Կառավարությունն այսօր՝ մարտի 10-ի նիստում փոփոխություն և լրացում է կատարել «Երևանի Հր. Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը լուծարելու իր որոշման մեջ: Մասնավորապես, առաջարկվել է լուծարումից հետո ՀՀ սեփականությանն անցած գույքը նվիրել Երևանի քաղաքային համայնքին: Նշելով, որ մայրաքաղաքի դպրոցները շատ նվիրատուներ ունեն, վարչապետն առաջարկել է դպրոցական գույքը նվիրել սահմանամերձ համայնքների դպրոցներին: Կառավարությունն առաջարկն ընդունել է:

2013-ի օգոստոսի 29-ի իր 917-Ա որոշմամբ Կառավարությունը դպրոցը լուծարելու ու գույք հանձնելու մասին որոշում էր կայացրել՝ նպատակահարմար չհամարելով աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման պատճառով կրթօջախի գործունեությունը։ Ունենալով 1665 քմ մակերես ու 0.253 հա հողատարածք, շենքը գանահատվել էր 8.359.000 դրամ: Նույն որոշմամբ դպրոցի շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է ՀԱՊԿ ակադեմիա հիմնադրամին: Ակադեմիան հիմնադրելու մասին համապատասխան որոշումն ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ստորագրել էին 2013-ի հունվարի 29-ին:

Հիմք ընդունելով ՀԱՊԿ քարտուղարության և ՀՀ ԱԱԽ աշխատակազմի միջև 2013-ի հունիսի 27-ին կնքված ՀԱՊԿ ակադեմիա ստեղծելու մասին հուշագիրն ու ՀԱՊԿ հիմնադրամ հիմնադրելու մասին որոշումը՝ Հիմնադրամը օգոստոսի 2-ին ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվել էր Երևանի Մխիթար Հերացի 2 հասցեում։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 20-ին գրությամբ դիմել էր Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` տվյալ հասցեում գտնվող անշարժ գույքը, որն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված էր Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համար 72 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին, Հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու խնդրանքով:

Երևանի քաղաքապետը 2013-ի օգոստոսի 24-ի իր համար 01/7-49629Հ գրությամբ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տեղեկացրել էր, որ նշված դպրոցի աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման հետևանքով դպրոցի հետագա գործունեությունը գտնում է ոչ նպատակահարմար և կազմակերպությանն ամրացված Մխիթար Հերացու փողոցի համար 2 հասցեում գտնվող անշարժ գույքը ՀԱՊԿ հիմնադրամին տրամադրելու հարցում առարկություններ չունի, ինչից հետո էլ վարչությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մշակել և շրջանառության մեջ էր դրել նշված որոշման նախագիծը:

Շենքը ներառված էր օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում` պետ. ցուցիչը` 1.6.69: Անհատույց օգտագործման իրավունքով ՀԱՊԿ ակադեմիային հատկացված նախկինում Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի շենքը, ավելի ճիշտ` դրանից մնացած ճակատային պատը, ավերվել է ապրիլի 30-ին: Թեև բանվորների պնդմամբ` ինքն իրեն է քանդվել: Իբր վերանորոգվող այդ շենքը մի քանի օր առաջ պատվել էր «Պահպանելով հինը, կառուցենք նորը» ու «Ավելի բարեկարգ Երևան» գրություններով հսկայական չափի պաստառներով:

ՀՀ մշակույթի նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, դպրոցի տարածքում շինարարությունն ապօրինի է, մի քանի անգամ դիմել է քաղաքապետարան` պահանջելով դադարեցնել այն: Ավելի ուշ ՀԱՊԿ ակադեմիան պարզաբանում է տարածել` նշելով, որ շինարարությունն իրականացվում է բացառապես ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Առկա է Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինարարության թույլտվությունը (N 01/18-18833-413), ինչպես նաև «Երեվաննախագիծ» ՓԲԸ-ի և «Սեյսմաանվտանգություն» ՍՊԸ-ի լիցենզիաները:

Հր. Աճառյանի անվան դպրոցի շենքը կառուցվել էր 1936-ին, ճարտարապետը Մարկ Գրիգորյանն էր։ Այն այժմ վերակառուցում են՝ հետագայում այստեղ ՀԱՊԿ ակադեմիան տեղակայելու համար։ Վարդագույն տուֆից կառուցված 3-հարկանի դպրոցը Երևանի ամենահին կրթօջախներից էր։ Պատերազմի տարիներին այն որպես հոսպիտալ է ծառայել, մինչ այդ այդտեղ օդաչուների էին պատրաստում, որտեղից ուղիղ պատերազմ էին մեկնում։ Պատուհաններից մեկի քարին մինչև վերջերս էլ պահպանվել էր BBC փորագրությունը։ Դպրոցը միայն 1951-ին է անվանակոչվել հայագետ, լեզվաբան Հրաչյա Աճառյանի անունով, այնուհետև բակում տեղադրվել է նրա կիսանդրին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---