28 հուլիսի 2006 - 15:54 AMT
Դեռեւս վաղաժամ է գնահատական տալ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին
Եվրամիությունը չափազանց դրական է գնահատում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: «Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին նման գնահատական են տվել ԵՄ ներկայացուցիչները: Հուլիսի 14-ին խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած հայկական պատվիրակությունը»,-նշել է նա:

Միեւնույն ժամանակ Ա.Կիրակոսյանն ընդգծել է, որ դեռեւս վաղաժամ է գնահատական տալ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, քանի որ հանրապետությունն ընդամենը կես տարի է, ինչ մասնակցում է Եվրոպական հարեւանության ծրագրին: Սակայն, ըստ փոխնախարարի, ԵՄ «Նոր հարեւանության» անհատական ծրագրի մշակման գործընթացը շատ լավ է ընթանում եւ ծրագիրն անկասկած կնպաստի հանրապետության եվրաինտեգրման քաղաքականությանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: