16  11.03.15 - «Քարֆուր» հիպերմարկետի բացումը Երևանում

Երևանի Carrefour-ը բացվել է

Երևանի Carrefour-ը բացվել է

PanARMENIAN.Net - Carrefour-ն արդեն Հայաստանում է. առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետի պաշտոնական բացման արարողությանը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 11-ին, Yerevan Mall-ում:

Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը Carrefour-ի և առևտրի կենտրոնի միջև ստորագրվել էր դեռևս 2014-ի մայիսի 13-ին, ՀՀ և Ֆրանսիայի նախագահների ներկայությամբ՝ Ֆրանսուա Օլանդի Հայաստան պետական այցի շրջանակում: Հիպերմարկետի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Սերժ Սարգսյանը:

«Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում, մեր գաղափարախոսությունը նույնն է՝ պետք է ներկայացված լինեն ցանկացած ընտանիքի ապրանքախմբի տեսակներ, անկախ նրանից դրանք պարենային, թե ոչ պարենային ապրանքներ են: Ամեն ինչ պետք է մեկ տանիքի տակ լինի»,- ճեպազրույցում ասել է ցանցի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան Դը Նալը՝ ընգծելով, որ հիպերմարկետի խնդիրն է՝ ցանկացած ապրանք՝ տեղական, թե ներկրված, պետք է ավելի էժան գնով վաճառվի, քան մրցակից սուպերմարկետներում, գրում է Tert.am-ը:

Նա անդրադարձել է նաև խոսակցություններին, որ Carrefour-ի մուտքը Հայաստան ուշանում էր, քանի որ շուկա մուտք գործելիս խոչընդոտներ էին առաջացել, հավաստիացրել, որ որևէ խոչընդոտի չեն հանդիպել. «Մենք արդեն երկու տարի է Հայաստանում ենք, իսկ ցանկացած երկրում, ուր Carrefour-ը բացվել է, 2-ից 3 տարի է պահանջվել: Դուք կտեսնեք, որ մենք շահագործելու ենք նոր սարքավորումներ, ամբողջը անվտանգ, նոր տարածք և պատրաստելու համար ժամանակ է պահանջվում»,- ասաց նա:

Հայաստանում հիպերմարկետի ցանցի տարածվածության հնարավորության մասին Քրիստիան դը Նալը նշել է, որ ներկայումս փորձում են գտնել համապատասխան ուղղություններ ընդլայնվելու համար:

Ավելի վաղԴը Նալնգյուղնախարար Սերգո Կարապետյանին տեղեկացրել էր, որ Carrefour-ը նախապատվությունը տալու է տեղական արտադրանքին, իսկ գյուղմթերքի 95%-ը ձեռք է բերվելու անմիջապես հայ արտադրողներից:

Սերգո Կարապետյանը հույս էր հայտնել, որ տեղական արտադրողների նկատմամբ կներկայացվեն ավելի մեղմ պահանջներ, իսկ ցանցի խանութների գնագոյացումը կիրականացվի՝ ելնելով հայկական շուկայի առանձնահատկություններից: Նախքան ցանցի բացումը նախատեսված էր Carrefour-ի ներկայացուցիչների հանդիպումը վերամշակող ընկերությունների հետ: Քրիստիան Դը Նալը պատրաստակամություն էր հայտնել Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների` խորհրդատվություն առաջարկելու վերամշակող ճյուղի տարբեր ոլորտների ընկերություններին՝ արատադրանքի որակի և տեսականու հարցում:

Carrefour ընկերության առաջին հիպերմարկետի բացումը Հայաստանում նախատեսվում էր դեռևս 2013-ի վերջին: Այն մի քանի անգամ հետաձգվել է: Երբ 2014-ի մայիսին ՀՀ այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելեց Yerevan Mall-ում նախատեսվող հիպերմարկետի շինհրապարակ, նշվում էր, որ բացումը տեղի կունենա հոկտեմբերին:

Ցանցն իր ապրանքն ինքն է ներկրում, ինչը մրցակցային առավելություն է տալիս: Դեռևս 2012-ի վերջին ընկերությունը Հայաստանում աշխատատեղերի մրցույթ էր հայտարարել և իր ապագա առևտրի կենտրոնի համար աշխատակազմ էր հավաքագրում:

Carrefour-ն աշխարհում մեծությամբ երկրորդ մանրածախ ցանցն է՝ Wal-Mart-ից հետո: Carrefour group-ի բաժնետոմսերի խոշորագույն փաթեթը պատկանում է հայտնի ֆրանսիացի գործարար Բերնար Առնոյին։ Ընկերությունն աշխարհի 32 երկրում ունի մոտ 15 հազար հիպերմարկետ, սուպերմարկետ և փոքր խանութ:

2012-ին Carrefour-ը տարածաշրջանում բացեց իր առաջին հիպերմարկետը՝ Թբիլիսիում: 2009-ին Carrefour-ը երկու սուպերմարկետ է բացել նաև Ռուսաստանում (Կրասնոդարում և Մոսկվայում), սակայն արդեն հաջորդ տարի դուրս է եկել ռուսական շուկայից: 2012-ին Carrefour-ը հայտարարեց նաև հունական շուկայից դուրս գալու մասին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---