Գորիսի միջադեպ. Բուդաղյանները դիմել են ՄԻԵԴ՝ վերականգնելու արդար դատաքննության իրավունքը

Գորիսի միջադեպ. Բուդաղյանները դիմել են ՄԻԵԴ՝ վերականգնելու արդար դատաքննության իրավունքը

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ դեռ 2013-ի ամռանը տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, գրում է «Փաստինֆո»-ն:

Նրա ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ Բուդաղյաններն իրենց դիմումում ՄԻԵԴ-ից խնդրում են ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 2-րդ և 10-րդ հոդվածների խախտումները:

Մասնավորապես, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունք, 1-ին կետով ամրագրվում է, որ յուրաքանչյուր ոք ունի արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք, իսկ նույն հոդվածի 2-րդ կետով ամրագրվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, ըստ որի՝ «յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան», այն է՝ օրինական ուժի մեջ դատավճռով:

2013-ի հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում կրակոցների արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մինչդեռ Ավետիք Բուդաղյանի դեպքում խախտվել են այդ երկու կետն էլ. Ավետիք Բուդաղյանն առանց դատարանի որոշման, միայն քննիչի որոշմամբ ճանաչվել է հանցավոր և նրա նկատմամբ որոշվել է քրեական հետապնդում չիրականացնել՝ մահվան հիմքով:

Իսկ մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, ինչպես նաև Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումներով պետությունը չի կատարել արդյունավետ քննություն իրականացնելու իր պարտականությունը, այսինքն՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ Կյանքի իրավունքը:

Ըստ Հայկ Ալումյանի՝ խախտվել է նաև Կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ Արտահայտվելու ազատություն, այն ներառում է նաև տեղեկություններ ստանալու իրավունքը:

Փաստաբանը դիմել էր ՀՀ նախագահի, կառավարության աշխատակազմերին ու արդարադատության նախարարին՝ ստուգելու մամուլում շրջանառվող տեղեկություններն առ այն, որ, մասնավորապես, երկրի ղեկավարը, վարչապետն ու արդարադատության նախարարը մասնակցել են Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին:

Եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա, ըստ Հ.Ալումյանի, դատարանը չի կարող անաչառ ու անկաշկանդ լինել Սուրիկ Խաչատրյանին առնչվող գործով: Հարցումների վերաբերյալ հիշյալ մարմինները հրաժարվել են տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով, որ տեղեկություններն առնչվում են անձնական կյանքին:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություններ կատարելու կասկածանքով հունիսի 2-ին եւ 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը և Տիգրան Սուրիկի Խաչատրյանը:

2013-ի սեպտեմբերին նրանք ազատ են արձակվել, նրանց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը։ ՊՆ քննչական ծառայությունից փոխանցեցին, որ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցվածքրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, «հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---