12 մարտի 2015 - 10:49 AMT
Մարտի 12-ից Սահմանադրական բարեփոխումների գործընթացի ակտիվ քննարկումներ են սկսվում

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ մարտի 12-ից ակտիվ քննարկումների նոր շարք է սկսվում, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը: Պատասխանելով Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահի վերջնական դիրքորոշման մասին հարցին՝ Սաղաթելյանը նշել է. «Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է հանդիպել մեր երկրի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, և վաղվանից ակտիվ քննարկումների նոր շարք է սկսում` սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ: Քննարկումների վերաբերյալ կտեղեկացվի հավելյալ»:

2014-ի հոկտեմբերի 15-ին սահմանադրական բարեփոխումների հարցով փորձագիտական հանձնաժողովը Հայաստանի նախագահին էր ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Բարեփոխումները վերաբերվում են կառավարման համակարգի և Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Հայեցակարգին դրական եզրակացություն է տվել Վենետիկի հանձնաժողովը` նշելով, որ առաջարկված բարեփոխումների նպատակները հիմնականում համապատասխանում են դիրքորոշումներին:

Ոչ իշխանական երեք ուժը` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը», դեմ են սահմանադրական փոփոխություններին և այդ գործընթացը որակում են որպես «իշխանության վերարտադրման փորձ»: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերից միայն ՀՅԴ-ն է կողմ արտահայտվել բարեփոխումներին:

Մարտի 5-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ Սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի՝ նշելով, թե չի կարող կոնկրետ ասել՝ աշնանը, թե 2016 թվականի գարնանը, դեռևս քննարկումներ չկան: Ըստ ԱԺ նախագահի, Սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի կներկայացվեն, բայց քննարկումները կշարունակվեն, որովհետև տարբեր մոտեցումներ կան, թե կուսակցությունում, թե այլ կուսակցություններում:

Բարեփոխումների մասին Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանամփոփիչ հատվածում նշվում էր, որ հայեցակարգի նախագիծը լավ և արժեքավոր հիմք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխման կոնկրետ առաջարկությունների փաթեթի մշակման համար, որը կամրապնդի ժողովրդավարական սկզբունքները և անհրաժեշտ պայմաններ կհաստատի երկրում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարգումն ապահովելու համար: Այն հիմնված է երկրի իրավիճակի համապարփակ և հետևողական վերլուծության վրա:

Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ Սահմանադրական բարեփոխումների հիմնական դրական միտումն այն է, որ տվյալ փոփոխությունները կբերեն իշխանության բաշխմանը տարբեր գործող անձանց միջև, քանի որ ներկայիս Սահմանադրությունը չափից դուրս իշխանություն է կենտրոնացնում նախագահի ձեռքում: Երկրորդ կարևոր հանգամանքը օրենքի գերակայության ուժեղացման միտումն է. փորձ է արվում ուժեղացնել անկախ դատական համակարգի, Սահմանադրական դատարանի դերը:

1995-ին ընդունված Հայաստանի Սահմանադրությունն էական դեր ունեցավ ՀՀ-ում ժողովրդավարության հաստատման, իրավական պետության հիմքերի ամրապնդման, ճգնաժամային իրավիճակներում սահմանադրական ճանապարհով լուծումներ գտնելու, պետական իշխանության ինստիտուտների աստիճանական կայացման, մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքներ ապահովելու գործում:

Հայաստանի Հանրապետությունում 2005-ի նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքում իրականացված սահմանադրական բարեփոխումները համակարգային լուծումների առումով առաջընթաց գրանցելով հանդերձ, բովանդակեցին նաև մի շարք կիսալուծումներ, որոնք ներկայումս հաղթահարելու և համակարգային մոտեցումներն ամբողջականացնելու անհրաժեշտություն ունեն: