12 մարտի 2015 - 12:26 AMT
ՇՀԿ ընդլայնման գործարկումը ՌԴ նախագահության առաջնահերթությունն է լինելու

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ընդլայնման գործարկումը կազմակերպությունում ՌԴ նախագահության առաջնահերթությունն է լինելու, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը մարտի 11-ին Խանտի Մանսիյսկում ՇՀԿ 10-րդ նստաշրջանի բացմանը:

ՇՀԿ աշխատանքային խումբը քննում է Պակիստանի, Իրանի ու Հնդկաստանի լիիրավ անդամակցության հայտերը: Ադրբեջանը, Հայաստանը, Բանգլադեշը, Նեպալը, Սիրիան դիտորդի կարգավիճակի համար են դիմել: ՇՀԿ անդամ երկրներն են ՌԴ-ն, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանը, Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան ու Պակիստանը: Երկխոսության գործընկերներն են Բելառուսը, Թուրքիան ու Շրի Լանկան, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

2014-ի սեպտեմբերից ՇՀԿ-ում նախագահում է Ռուսաստանը:

Ավելի վաղ ՇՀԿ գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցևը Խանտի Մանսիյսկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ընդլայնման հարցը կքննարկվի առաջիկայում:

«Տեսանելի ապագայում կքննարկվի կազմակերպության ընդլայնման հարցը որպես քաղաքական որոշման նախագիծ: Նշեմ, որ ՇՀԿ-ի Խարտիան, որը ընդունվել է ստեղծման ժամանակ, ընդգծում է «կազմակերպության բաց լինելը»,-ասել է նա:

Բացի այդ, ՇՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ ստեղծվել է ընդլայնման գծով աշխատանքային խումբ, որն արդեն երկու անգամ հավաքվել է Պեկինում: Ըստ նրա, արդեն երկխոսություն է ընթանում, վերլուծվում են կողմերի դրդապատճառներն ու փաստարկները:

Դեռ 1996 թվականից սկսած՝ գործում էր Շանհայի հնգյակը (Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան): 2001 թվականին Հնգյակին միացավ նաև Ուզբեկստանը, և կազմակերպությունը վերանվանվեց Շանհայի համագործակցության կազմակերպություն: ՉԺՀ Շանհայ քաղաքում հիմնված կազմակերպության շտաբ-կայանը Պեկինում է: Կազմակերպությունը մեծ հաջողություններ գրանցեց անդամ երկրների միջև սահմանային խնդիրների կարգավորման, անվտանգության և սահմանամերձ շրջաններում ռազմական ուժերի նվազեցման ասպարեզում:

Կազմակերպությունը հետագայում ընդլայնեց իր գործունեությունը, և ներկայումս անդամ երկրների միջև համագործակցությունն ընդգրկում է նաև ոազմական, տնտեսական և մշակութային բնագավառները: 2013-ի ապրիլին Թուրքիան Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԼ) «երկխոսության գորընկերոջ» կարգավիճակ ստացավ:

Դիտորդի կարգավիճակ ունեն Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան և Պակիստանը: «Երկխոսության գորըծնկեր» են Բելառսուը և Շրի Լանկան: