12 մարտի 2015 - 16:59 AMT
Նաիրիտցիների հերթական ցույցը կառավարության շենքի դիմաց՝ անարդյունք

Նաիրիտցիներն այսօր` մարտի 12-ին, կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ ակնկալելով, որ պաշտոնյաներից որևէ մեկն իրենց կընդունի և հստակ տեղեկություն կհայտնի ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերի վերաբերյալ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կառավարությունից դեռ տարեսկզբին խոստացել էին այս հարցին պատասխանել փետրվարի 25-ից հետո, սակայն մինչ օրս որևէ պաշտոնյա նաիրիտցիներին չի հանդիպել։ Փոխարենը գործարանում շարունակվում են կրճատումները։ Նախորդ ամսվա ընթացքում արդեն 2200 աշխատող է հեռացվել գործարանից։

Կառավարության շենքի մոտ մեկ ժամից ավելի սպասելուց և պատասխան չստանալուց հետո գործարանի աշխատակիցները քայլել են դեպի էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ պահանջելով հանդիպում նախարարի հետ։ Այստեղ ևս հանդիպում չեղավ, ասել են՝ նախարարը տեղում չէ, կրկին խոստացել, որ Երվանդ Զախարյանը գործարանի ներկայացուցիչների հետ կհանդիպի վաղն առավոտյան։ Ի պատասխան՝ նաիրիտցիները վանկարկել են «ամոթ» և «պատասխան»։

Ավելի քան մեկուկես տարի աշխատավարձի սպասող նաիրիտցիները պատրաստ են շարունակել պայքարը, և հաջողության չհասնելու դեպքում նստացույց սկսել։

2014-ի փետրվարին ՀՀ ԱԺ-ն դեմ քվեարկեց գործարանի խնդիրների ուսումնասիրման նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀՅԴ նախաձեռնությանը:Հուլիսի 24-ին կառավարությունը հավանություն տվեց որոշման օրինագծին, որի համաձայն՝ նախատեսվում է պարտքի մարման դիմաց «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ին փոխանցել 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ-2»-ի ակտիվների 53,27 տոկոսը և 983,4 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ գործարան»-ի ակտիվների 3,59 տոկոսը:

«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն ստացված բաժնետոմսերի դիմաց մարված կհամարի «Հայգազարդ» ՓԲԸ-ի առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների պայմանագրային գնի գումարի չափով: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «Նաիրիտ» գործարանի հետագա շահագործման հետ կապված հարցերը կլուծվեն «Փակ բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի համաձայն:

2013-ի սեպտեմբերի 3-ին «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը հանդիպեց «Նաիրիտ» գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանին և վերակառուցման ու զարգացման գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Միրզոյանին։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեց «Նաիրիտ» գործարանում քլորոպրենային կաուչուկի արտադրության նախագծին «Ռոսնեֆտի» մասնակցության պոտենցիալ հնարավորությունները։ Jacobs Consultancy Ltd ընկերությունը 2013թ.–ի օգոստոսին գործարանում բուտադիենից քլորոպրենային կաուչուկի արտադրության տեխնիկական և էկոլոգիական աուդիտ է անցկացրել։

Ավելի վաղ ասվում էր, որ «Ռոսնեֆտ»-ը որոշում կընդունի «Նաիրիտ» գործարանի նախագծին հնարավոր մասնակցության վերաբերյալ` աուդիտի և ՀՀ կառավարության հետ մուտքի պայմանների մասին բանակցությունների ավարտից հետո: Չնայած, որ ծրագրի իրագործումն այդպես էլ չմեկնարկեց, «Ռոսնեֆտը» դեռևս չի հայտարարել ներդրումային ծրագրից հրաժարվելու մասին:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել էր: Այս պահին արժեթղթերի 90 տոկոսը ռուսական Մեջգոսբանկի մոտ է, որոնք գրավադրված են, ևս 10 տոկոսը Կառավարությանն են: