ԶԼՄ-ներ. Ռուսաստանում ազգությունների գծով դաշնային գործակալություն կստեղծվի

ԶԼՄ-ներ. Ռուսաստանում ազգությունների գծով դաշնային գործակալություն կստեղծվի

PanARMENIAN.Net - Ազգությունների գծով դաշնային գործակալություն է նախատեսվում ստեղծել ՌԴ-ում, գերատեսչությունը կզբաղվի ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության իրականացմամբ:

Ինչպես գրում է «Իզվեստիա» թերթը, նախագահ Պուտինը հանձնարարել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևին մինչև ապրիլի 15-ը առաջարկություններ ներկայացնել Ազգությունների գծով դաշնային գործակալության ստեղծման վերաբերյալ:

Ինչպես ասվում է նյութում, Ռուսաստանում ազգամիջյան հարաբերությունների բոլոր հարցերով կզբաղվի մեկ միասնական մարմին: Գերատեսչության գլխավոր խնդիրը կլինի ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության իրականացումը: Գործակալությունն անմիջապես կենթարկվի կառավարության նախագահին:

Ազգամիջյան հարցերով զբաղվող գերատեսչությունը վերաբացելու մասին առաջարկները պարբերաբար հնչեցվում են 2001 թ. Դաշնության, ազգային ու միգրացիոն քաղաքականության նախարարության լուծարումից ի վեր: Այն ժամանակ գերատեսչության գործառույթները փոխանցվեցին ՆԳՆ-ին ու ԱԳՆ-ին, ինչպես նաև մասնակիորեն տնտեսական զարգացման ու առևտրի նախարարությանը: Մինչ 2004 թ. ազգային քաղաքականությունը համակարգում էր առանց պորտֆելի նախարար Վլադիմիր Զորինը:

Ինչպես պարզաբանել է նախագահի վարչակազմին մոտ պարբերականի աղբյուրը, նոր դաշնային գործակալությունը զբաղվելու է բազմազգ ՌԴ ժողովրդի միասնության ամրապնդմամբ՝ ապահովելով ազգամիջյան ու միջկրոնական հաշտություն: Գերատեսչությունը նաև կզբաղվի ռուսաստանաբնակ ժողովրդների ազգային մշակութային զարգացմամբ, կմշակի ու կկատարի պետական ու դաշնային նպատակային ծրագրեր ազգամիջյան հարաբերությունների ոլորտում, ինչպես նաև պետական հսկողություն կսահմանի այդ ոլորտում:

Պարբերականը չի կարողացել մեկնաբանություն ստանալ վարչապետի մամուլի ծառայությունից:

«Ամեն դեպքում գործադիր մարմին պետք է լինի, որը կյանքի կկոչի ազգային ռազմավարությունը մինչև 2025 թ.: Գոյություն ունի նախագահական խորհուրդ, որը շատ բան է անում, սակայն այն հավաքվում է տարին երկու անգամ: Մեր կոմիտեն Պետդումայում շատ հարցեր է պատրաստում՝ պատմության դասագրքի, ազգային ու հայրենասիրական դաստիարակության վերաբերյալ: Սակայն մեր կոմիտեն գործընկեր չունի: Մենք այս տարիներին կարևոր օրենքներ ենք ընդունել, սակայն դա դժվար է արվում: Եթե գործակալություն լինի, դա ինչ-որ չափով կկանոնակարգի աշխատանքը»,-ասել է ՌԴ Պետդումայի ազգությունների գծով կոմիտեի նախագահ Հաջիմետ Սաֆարալիևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---