Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները` քրգործով դատակենսաբանական փորձաքննությանը

Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները` քրգործով դատակենսաբանական փորձաքննությանը

PanARMENIAN.Net - Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր՝ մարտի 13-ին, ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատակենսաբանական փորձաքննությանը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Վերջիններս հարցեր են ուղղել փորձագետներին, ստացել պարզաբանումներ, նրանց տեղեկություններ են տրամադրվել կատարվող փորձաքննության մեթոդների, կատարված աշխատանքի ծավալի, օգտագործված տեխնիկական միջոցների և ձեռք բերված արդյունքների վերաբերյալ։

Տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները մարտի 10-ին ներկա են գտնվել նաև քրեական գործով նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննությանը։

Քրեական գործով նշանակված փորձաքննությաններին ներկա գտնվելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը, ինչը նախաքննական մարմինը բավարարել էր։

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակվեց դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---