ԵՏՄ-ում բեռնափոխադրումների մուտքի-ելքի և տարանցիկ թույլտվություն այսուհետ չի պահանջվի

ԵՏՄ-ում բեռնափոխադրումների մուտքի-ելքի և տարանցիկ թույլտվություն այսուհետ չի պահանջվի

PanARMENIAN.Net - ԵՏՄ անդամ պետությունների միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների իրականացման համար այսուհետ չի պահանջվի մուտքի-ելքի, տարանցիկ, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից՝ մեկանգամյա թույլտվություններ, տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը՝ հավելելով, որ արդեն իրականացվում է ինտեգրացիոն գործընթաց՝ դյուրացնելու հայ բեռնափոխադրողների աշխատանքը Մաքսային միության տարածքում:

Հայկական փոխադրողից թույլտվություն կպահանջվի միայն ոչ անդամ երկրից Մաքսային միության անդամ երկիր և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելիս:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի՝ 2014-ի դեկտեմբերին Մոսկվայում ԵՏՄ անդամ պետությունների տրանսպորտի նախարարների հետ հանդիպմանը ձեռք է բերվել համաձայնություն ԵՏՄ անդամ պետությունների տարածքում կիրառելու «Կաբոտաժային» փոխադրումներ։ Իսկ 2015-ի փետրվարի 3-ին ՌԴ մայրաքաղաքում ստորագրվեց «Կաբոտաժային» փոխադրումներ իրականացնելու մասին արձանագրություն:

Հայաստանի բեռնափոխադրողներին 2016 թվականի հունվարի 1-ից հնարավորություն կընձեռվի իրականացնելու մինչև այժմ արգելված «Կաբոտաժային» փոխադրումներ, ինչն իրենից ներկայացնում է այլ պետությունում հաշվառված տրանսպորտայինմիջոցի կողմից մեկ այլ պետության տարածքում գտնվող երկու կետերի միջև իրականացվող ներքին փոխադրումներ: Նման փոխադրումների ներդրման գործընթացը տեղի է ունենալու 4 փուլով, մինչև 2025 թվականը, առավել կդյուրացվի և հնարավորություն կտրվի «Կաբոտաժային» փոխադրումներ իրականացնել ԵՏՄ անդամ պետությունների ամբողջ տարածքով։

Հայաստանի միջազգային փոխադրողների» ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանի խոսքով, վերջիններս արտահանում կատարելուց հետո, հետդարձի ճանապարհին ևս մեկ բեռնափոխադրում կկարողանան կատարել ԵՏՄ անդամ երկրի ներսում, որը հավելյալ ֆինանսական հոսքեր կապահովի ընկերություններին: ԵՏՄ անդամակցությունից հետո բեռնափոխադրողներին ընձեռված ևս մեկ առավելության մասին, որով նրանք ձերբազատվել են մի շարք ավելորդ թղթաբանություններից և մաքսային ձևակերպումներից, ինչը դյուրացրել է ամբողջ գործընթացը.

«Այսօր արդեն Ռուսաստանում բեռի ձևակերպումից հետո, մեքենաները մաքսային ձևակերպում ստանում են միայն Վերին Լարսի և Բագրատաշենի անցակետերում, որտեղից մեքենան անմիջապես գնում է պատվիրատուի հասցեով: Սա թե՜ ժամանակի խնայողություն է (մինչ այս մի քանի օր շարունակ մեքենաները մնում էին ճանապարհին), թե՜ ավելորդ թղթաբանական ձևակերպումներից է զերծ պահում»,- ասել է Հերբերտ Համբարձումյանը:

Նա տեղեկացրել է, որ հայ բեռանփոխադրողները դիմել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ Վերին Լարսի անցակետում ԵՏՄ անդամ պետություններում հաշվառված բեռնատար տրանսպորտային միջոցների համար առանձին անցուղի ունենալու խնդրանքով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը բարձրացված հարցի վերաբերյալ այս պահին քննարկումներ է սկսել ԵՏՄ անդամ պետությունների հետ՝ մաքսակետերում փոխադրումներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Այդ գործընթացը կկրճատի ժամանակը՝ նպաստելով բեռների փոխադրման ինքնարժեքի իջեցմանը:

Նա նաև նշել է, որ ԵՏՄ անդամակցությունից հետո բեռնափոխադրողները ձերբազատվել են մի շարք ավելորդ թղթաբանություններից և մաքսային ձևակերպումներից, ինչը դյուրացրել է ամբողջ գործընթացը։

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի Հանրապետության անդամակցությունից հետո անդամ պետությունների միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներին նոր թափ հաղորդելու նպատակով այս տարվա սկզբից ԵՏՄ բարձրագույն խորհրդի անդամների, ինչպես նաև անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի պատասխանատուների միջև ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, ստորագրվեցին համաձայնագրեր, որոնք կազատականացնեն տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների ոլորտը ԵՏՄ տարածքում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն արդեն իրականացնում է ինտեգրացիոն գործընթաց՝ դյուրացնելու համար հայ բեռնափոխադրողների աշխատանքը Մաքսային միության տարածքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---