16 մարտի 2015 - 13:08 AMT
Ներդրումային համաժողով Եգիպտոսում. ՀՀ-ն կարող է ջուր և պատրաստի սնունդ արտահանել

3 օր տևած Եգիպտոսի տնտեսության աջակցության և զարգացման միջազգային համաժողովի աշխատանքի ավարտին պարզ դարձավ, որ Եգիպտոսում 36,2 մլրդ դոլարի ներդրում կարվի, համաժողովի փակմանը հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Իբրահիմ Մահլյաբը:

Տնտեսության մեջ անմիջական ներդրումներից բացի, Եգիպտոսը 18 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագրեր է կնքել ինքնաֆինանսավորվող նախագծերի համար, և 10 մլրդ դոլար կստանա որպես վարկ և տնտեսական օգնություն, որի մեծ մասը տրամադրել են Պարսից ծոցի երկրները, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բազմաթիվ պետությունների ղեկավարների մասնակցության պատճառով Եգիպտոսի հավաքն անվանեցին գագաթնաժողով, իսկ երկրի իշխանություններն այն հաջողված համարեցին ու որոշեց այն դարձնել ամենամյա: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս մասնակցել է Եգիպտոսի տնտեսության աջակցության և զարգացման միջազգային համաժողովին:

Համաժողովի ընթացքում գլխավոր շեշտադրումը եղել է Եգիպտոսի տնտեսության խնդիրների քննարկումը և աջակցության ցուցաբերումը: Համաժողովի ընթացքում Եգիպտոսի իշխանությունները ներկայացրել են տնտեսության աշխուժացման իրենց ծրագրերը, որոնցից ամենահատկանշականը եղել է նոր մայրաքաղաքի կառուցումը 45 մլրդ դոլար ընդհանուր ծրագրով, որի ընթացքում կստեղծվեն շուրջ 1 մլն աշխատատեղ և երկրում գործազրկության աստիճանը կնվազի 2,5 տոկոսային կետով:

Եգիպտոսի տնտեսության ամենակարևոր խնդիրները դրանք աշխատանքային ռեսուրսների ցածր արտադրողականությունն է և երկրի գերբնակեցվածությունը, որի հետևանքով երկրում չեն կարողանում ապահովել բավարար ջրի և սննդի քանակություն: Այս երկու խնդիրների հարցում էլ Հայաստանը որոշակիորեն կարող է աջակցել Եգիպտոսին և սեփական օգուտ քաղել դրանից:

Աշխատանքային ռեսուրսների արտադրողականության բարձրացման համար Եգիպտոսի իշխանություններին հարկավոր է տարբեր միջպետական կապեր հաստատել արտասահմանյան կրթական հաստատությունների հետ, որոնց շարքում կարող են ընդգրկվել նաև հայկական համալսարանները, մասնավորապես ԵՊԲՀ-ը:

Եգիպտոսի գերբնակեցվածության խնդրի պատճառով երկրում առաջացել է ջրի, մասնավորապես քաղցրահամ ջրի և սննդի պակաս: Եգիպտոսը տարեկան արդյունահանում է 70 մլրդ. մ³, որից 55 մլրդ. մ³-ը արդյունահանվում է Նեղոս գետից, որը կարող է կրճատվել բնապահպանական խնդիրների և տարատեսակ ճնշումների պատճառով: Այս հարցում ևս ՀՀ-ը կարող է աջակցել Եգիպտոսին՝ այդ երկիր արտահանելով քաղրցրահամ ջուր և պատրաստի սննդի արտադրանք:

ՀՀ վարչապետը աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է նաև Եգիպտոսի նախագահի հետ, որի հետ քննարկվել են տնտեսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ և երկուստեք նշվել է, որ առկա է տնտեսական համագործակցության մեծ ներուժ՝ մասնավորապես գյուղատնտեսության, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում:

Եգիպտոսի տնտեսության վերածնման համար բոլորից շատ միջոցներ են հատկացրել Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրություններն ու Քուվեյթը: Օմանի սուլթանությունը հայտարարեց առաջիկա 50 տարիներին Եգիպտոսին մոտ 50 մլն դոլար հատկացնելու մասին:

Համաժողովի գլխավոր մասնակիցները Եգիպտոսի հարևաններն էին Պարսից ծոցի երկրներից, որոնք վերջին տարիներին դարձել են Եգիպտոսի գլխավոր հովանավորները: Համաժողովի կազմակերպիչներն այն անվանել են «Ապագայի Եգիպտոս»: Եգիպտոսում հուսով են, որ օտարերկրյա ներդրումները հնարավորություն կտան վերածնել տնտեսությունը: