13  16.03.15 - Մեկնարկել է «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի 4-րդ նիստը

Երևանում մեկնարկել է Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստը. Ադրբեջանցիները չեն ժամանել

Երևանում մեկնարկել է Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստը. Ադրբեջանցիները չեն ժամանել

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը, որն անցկացվում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Բացման խոսքով հանդես է եկել Եվրանեսթի փոխնախագահ Հեիդի Հաութալան, որը ողջունել է ներկաներին ու շնորհակալություն հայտնել կազմակերպչական աշխատանքների համար: Նիստը վարում է Տարածքաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին իր ելույթում արժևորել է հատկապես վերջին տարիներին շատ երկրներում քաղաքացիական հասարակությունների կայացումը: Նա ցավով նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունն այստեղ չէ: «Հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ Եվրանեսթի ադրբեջանական պատվիրակությունը կկարողանա այցելել այստեղ», հայտնում է Tert.am-ը:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրեց, որ, Եվրանեսթ ԽՎ 4-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով Երևան կժամանի ադրբեջանական պատվիրակությունը՝ Թուրքիայի կառավարության խնդրանքով: Թուրքիայում համոզված էին, որ եթե ադրբեջանցիները չգան, Ցեղասպանության 100-րդ տարելիցի բանաձևը կընդունվի առանց առարկությունների, գրում է թերթը։

Եվրանեսթի ադրբեջանական պատվիրակությունը բողոքի ալիք էր բարձրացրել նստաշրջանը Հայաստանում անցկացնելու որոշման դեմ: Պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը դեռ փետրվարի 11-ին Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրանեսթի Բյուրոյի հերթական նիստի ժամանակ հայտարարել էր, թե իրենք դեմ են Խորհրդարանական վեհաժողովի, Բյուրոյի և հանձնաժողովների նիստերը Երևանում անցկացնելուն և Վեհաժողովում ՀՀ համանախագահությանը:

«Քանի դեռ Հայաստանը չի դադարեցրել Ադրբեջանի նկատմամբ իր ագրեսիան, Բյուրոյի և հանձնաժողովների նիստերը Հայաստանում անցկացնելը, ինչպես նաև Եվրանեսթում ՀՀ նախագահությունը անընդունելի է և ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի ՀՀ-ում անցկացվող այդ աշխատանքներին: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նստաշրջանը տեղի է ունենալու Երևանում՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին: Կասկած չկա, որ Հայաստանը կօգտվի այդ միջոցառումից՝ քարոզելու Հայոց «հորինված» ցեղասպանությունը»,- հայտարարել էր Սուլեյմանովը:

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարն արդեն բազմիցս է իր «վրդովմունքը» հայտնել նիստը Երևանում գումարելու վերաբերյալ:

Նա հայտարարել է, որ դեռևս բյուրոյի նիստում, անցյալ տարվա մայիսին Կիևում, նա իր բողոքն է հայտնել չորրորդ լիագումար նիստը Երևանում անցկացնելու մտադրության վերաբերյալ: Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի «Եվրանեսթի» միջոցառումներին Երևանում, քանի դեռ հայկական կողմը չի կատարել մի շարք պայմաններ: Ըստ նրա, ադրբեջանական պատվիրակությունն իր բողոքն է հայտնել նաև Հայաստանի համանախագահության դեմ: «Նստաշրջանի անցկացումը Երևանում վիրավորանք է Ադրբեջանի համար: Դա ցույց է տալիս Եվրանեսթի և եվրոպական կառույցների երկակի չափանիշները, սուբյեկտիվ վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ»,-ասել է ադրբեջանական պատվիրակության ղեկավարը:

2013-ի նոյեմբերին ԱՄՆ հետախուզությունը հրապարակեց Ադրբեջանում 2013-ի նոյեմբերի 9-ի նախագահական ընտրությունների ընթացքին հետևող ԵԽԽՎ դիտորդական խմբի անդամներին կաշառելու ապացույցները: ԱՄՆ-ն հայտարարեց, որ կան անհերքելի ապացույցներ, որ ԵԽԽՎ դիտորդները կաշառվել են: Ըստ աղբյուրի, ապացույցների թվում են նաև եվրախորհրդարանականների հեռախոսազրույցները:

Ըստ տեղեկատվության, ԱՄՆ հետախուզությունը դեռ ընտրություններից առաջ էր իրազեկված ԵԽԽՎ պատգամավորների հետ հնարավոր գործարքի մասին և նախապես կազմակերպեց նրանց հեռախոսազրույցների գաղտնալսումն ու նամակագրության հսկողությունը համացանցում: Բանակցությունները հանձնարարվել էին, ըստ աղբյուրի, «Եվրանեսթում» ադրբեջանական պատվիրակության նախագահ Էլհան Սուլեյմանովին:

Ասվում էր, որ ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ նա Եվրոպայում խորհրդատվական իրավաբանական կառույցներից մեկի միջոցով, մասնավորապես, Գերմանիայում, մի շարք եվրոպացի խորհրդարանականների է փոխանցել 50-հազարական դոլար: «Այդ մասին իրազեկվել են նաև Ադրբեջանի իշխանությունները»: Ավելի հստակ, փաստարկված պատասխան է տրվել Բաքվի այն պնդումներին, թե իբր «Ամերիկան ճնշում է գործադրում Եվրոպայի վրա, որպեսզի վերջինս չճանաչի ընտրությունների արդյունքները»:

Սուլեյմանովի անունը նախկինում էլ է շոշափվել եվրախորհրդարանականներին կաշառելու առումով: Լուրեր են տարածվում, որ Սուլեյմանովը «խավիարային դիվանագիտության առաջատար դեմքերից է: Վերջերս «Եվրոպական կայունության նախաձեռնության» հաշվետվության մեջ ասվում էր, որ Բաքու այցելության ժամանակ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի բարեկամների խմբի անդամները որպես նվեր ստանում են խավիար, մետաքսե գորգեր, ոսկյա ու արծաթյա իրեր, ինչպես նաև կանխիկ դրամ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---