16 մարտի 2015 - 17:10 AMT
Թուրք նախարարը դեմ է Ասադի հետ բանակցելու Քերիի մտադրությանը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության համար:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ ԱՄՆ-ն ի վերջո ստիպված է լինելու բանակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: «Ի վերջո մենք ստիպված են լինելու բանակցել Ասադի հետ: Մենք միշտ ենք դա ցանկացել «Ժնև-1» միջսիրիական բանակցությունների համատեքստում»,-ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ստիպել Սիրիայի նախագահին գնալ դրան: Ըստ Քերիի, Արևմուտքը ցույց կտա, որ «բոլորը քաղաքական որոշում են փնտրում»: Այդ գործընթացը հիմա էլ է գնում, ես վստահ եմ, որ մեր դաշնակիիցների և այլ երկների ճնշումն Ասադի հանդեպ կաճի»:

Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի, որին մեջբերում է «Ֆրանս պրեսը», Սիրիայի բոլոր խնդիրները, որոնք գոյություն ունեն այս պահին, Ասադի ռեժիմի քաղաքականության հետևանքն են, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ի՞նչ կարելի է քննարկել Ասադի հետ»: Դուք պատրաստվո՞ւմ եք բանակցել մի ռեժիմի հետ, որը շուրջ 200 հազար մարդու կյանք է խլել ու քիմիական զենք է կիրառել»,-ասել է թուրք նախարարը:

«Ի՞նչ արդյունքի է հաջողվել հասնել մինչ օրս բանակցելով»,-հավելել է նա:

Ըստ Չավուշօղլուի, Սիրիայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է երկու պայման կատարել՝ ոչնչացնել «Իսլամական պետությունը» և «մյուս ահաբեկչական խմբավորումները» և քաղաքական վերափոխումներ իրականացնել Սիրիայում, որոնք ենթադրում են ռեժիմի փոփոխություն:

Մինչդեռ այս բանավեճին անդրադարձել է նաև ինքը Ասադը: Իրանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ասել է. «Արտերկրում արված հայտարարությունները մեզ չեն վերաբերում: Մենք պետք է սպասենք կոնկրետ գործողությունների և հետո որոշում կայացնենք», գրում է ՏԱՍՍ-ը:

Արդեն 4 տարի Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմում զոհերի թիվն անցել է 215 հազարը, հայտարարել է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը: Ըստ նրա, շուրջ 66 հազարը՝ խաղաղ բնակիչներ են: Միայն ընթացիկ տարվա փետրվարից բռնի գործողությունների հետևանքով Սիրիայում մոտ 5000 մարդ է զոհվել:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում մոտ 4,2 միլիոն մարդ փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 12 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 100-ից ավելի հայ է զոհվել:

Սիրիայում իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումը, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»:

ԱՄՆ-ն և մի շարք երկրներ շատ մոտ էին Սիրիան ռմբակոծելու որոշմանը 2013-ի աշնանը. պատրվակ հանդիսացավ քիմիական զենքի կիրառման վտանգը կառավարական ուժերի կողմից: Սակայն, համզոիչ ապացույցներ չներկայացվեցին: Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվեց խուսափել ռմբակոծություններից քիմիական զենքից հրաժարվելու Սիրիայի համաձայնության դիմաց: Դուրս բերվեց և ոչնչացվեց շուրջ 800 տոննա քիմիական նյութ, իսկ ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելությունը ոչնչացնում է քիմզենքի արտադրության օբյեկտները երկրում: .