
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում ստորագրվել է երեք փաստաթուղթ՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի 10 մլն եվրո ծավալով վարկային համաձայնագիրը, որն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵՆԲ փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, KfW զարգացման բանկի էներգետիկայի և տրանսպորտի ծրագրերի ղեկավար Յան Բլումը, ինչպես նաև «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի հիմնադրամին Հայաստանի անդամակցության մասին» ներդրման համաձայնագիրը: Վերջինն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և ՎԶԵԲ-ի (EBRD) կողմից E5P հիմնադրամի ղեկավար Անդրես Լանդը:
Վարչապետ Աբրահամյանը ողջունել է փաստաթղթերի ստորագրումը և վստահություն հայտնել, որ դրանք իրենց նշանակալի դերն ու ավանդը կունենան թե Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում, թե Հայաստանի տնտեսության զարգացման գործում:
Ընդունելով է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը և նշել, որ մեր երկիրը պատրաստակամ է առաջ մղելու Եվրամիության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և այլ բնագավառներում, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ենթակառուցվածքների զարգացման և փոքր ու միջին ձեռներեցության աջակցության ոլորտներում Եվրոպական ներդրումային բանկի կողմից հատկացված ֆինանսական աջակցությունը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է բանկի կողմից, հատկապես, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերը՝ Արևելյան գործընկերության երկրների ենթակառուցվածքները ԵՄ-ի Տրանս-եվրոպական ցանցերին փոխկապակցելու նպատակով: Կարևորվել են նաև բանկի կողմից համաֆինանսավորվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրերի իրականացումը:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը ընդգծել է, որ ԵՆԲ-ի համագործակցությունը ՀՀ կառավարության հետ հասել է տպավորիչ մակարդակի: Պարոն Մոլտերերը շեշտել է, որ Եվրոպական ներդրումային բանկը շահագրgռված է ավելացնելու իր գործունեության ծավալները և մակարդակը Հայաստանում: Վիլհելմ Մոլտերերը նշել է, որ ԵՆԲ-ի առաջնայնությունները լիովին համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին և ավելացրել, որ բանկը պատրաստ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ընդլայնելու փոխգործակցությունը ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում:
Ավելի վաղ՝ փետրվարի 27-ին է ներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Գերմանիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KFW) խորհրդի անդամ Ռոլանդ Զիլլերի և Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Եվա Վիտտի հետ:
Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ինչը մեծ նշանակություն ունի էլեկտրաէներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրման առումով: 2014 թվականի դեկտեմբերի 9-ին KfW բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության և «ԲԷՑ» ՓԲԸ-ի միջև կնքվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի վարկային և ծրագրային համաձայնագրեր` 75 մլն եվրո և 10,2 մլն եվրո գումարի չափով:
Անդրադարձ եղավ նաև Եվրոպական Ներդրումային Բանկի (EIB) կողմից ծրագրի համաֆինանսավորման 10 մլն եվրոյի վարկային համաձայնագրին: Ծրագրի նպատակն է՝ միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանի մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Հայաստան Վրաստան և Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի միացման նպատակով Հրազդանի տարածաշրջանում նախատեսվում է կառուցել նաև 400/220 կՎ լարման ենթակայան:
Էլեկտրահաղորդման գծի կառուցմամբ զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար: