FIDE-ի ղեկավարը մտադիր է լուծել Բաքվի մրցաշարերին հայ շախմատիստների մասնակցության հարցը

FIDE-ի ղեկավարը մտադիր է լուծել Բաքվի մրցաշարերին հայ շախմատիստների մասնակցության հարցը

PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) կփորձի լուծել Բաքվում կայանալիք առաջիկա մրցաշարերին հայ գրոսմայստերների մասնակցության հարցը, լրագրողներին է հայտարարել FIDE նախագահ Կիրսան Իլյումժինովը:

2015-ի սեպտեմբեր-հոկտեմբերին Բաքվում կայանալու է Շախմատի աշխարհի գավաթի մրցաշարը նոկաուտ համակարգով, իսկ 2016-ի աշնանը Բաքվում կանցնի շախմատային օլիմպիադան: Ավելի վաղ Ադրբեջանի հավաքականը հրաժարվեց մասնակցել Շախմատի աշխարհի թիմային առաջնությանը, որը 2015-ի ապրիլին կայանալու է Ծաղկաձորում:

Իլյումժինովն ասել է, որ FIDE-ն կողմ է, որ «տարբեր քաղաքական պահերը մնան մրցաշարերի դահլիճներից դուրս», ուստի հրավիրում է և Հայաստանի, և Ադրբեջանի շախմատիստներին մասնակցել մրցումներին, հայտնում է Rsport.ru-ն: «Առաջիկա օրերին ես դիմելու եմ Ադրբեջանի և Հայաստանի շախմատի ազգային ֆեդերացիների ղեկավարներին: Այս տարի տեղի է ունենալու Աշխարհի գավաթի մրցաշարը նոկաուտ համակարգով, մյուս տարի Բաքվում կկայանա շախմատի համաշխարհային օլիմպիադան: Անշուշտ, մենք կցանկանայինք, որ ուժեղագույն շախմատիստները, իսկ Ադրբեջանի և Հայաստանի հավաքականները մոլորակի ուժեղագույն շախմատիստների շարքում են, մասնակցեին»,-ասել է Իլյումժինովը:

«Մենք կդիմենք ոչ միայն շախմատի ազգային ֆեդերացիաներին, այլ նաև երկրների ղեկավարներին, որպեսզի նրանք աջակցեն, որ իրենց շախմատիստները մասնակցեն, որպեսզի նրանց անվտանգությունն ապահովվի»,-հայտարարել է Իլյումժինովը:

Լևոն Արոնյանը 2 անգամ` 2011 և 2012թթ հրաժարվել է խաղալ Բաքվում՝ հավակնորդների մրցաշարում: 2011թ մրցաշարը տեղի ունեցավ Կազանում, իսկ 2012-ին՝ Լոնդոնում: Արոնյանը նամակ էր հղել ՖԻԴԵ-ի նախագահին, որում ասվում էր, որ Ադրբեջանում մրցաշարի անցկացման դեպքում ինքը չի մասնակցի դրան: Դրանից հետո Իլյումժինովը հայտարարեց, որ մրցաշարը կկայանա Լոնդոնում հոկտեմբերի 23-ից նոյեմբեր 13-ը:

«Ներկայումս ոչ մի հայ չի կարող Ադրբեջանում գտնել բարենպաստ հոգեբանական մթնոլորտ: Անվտանգության երաշխիքները և որևէ լրացուցիչ աջակցություն չի կարող շտկել իրավիճակը»,-գրել էր հայ շախմատիստը: Սակայն 2014-ին Արոնյանը համաձայնվեց մասնակցել 2015-ին Բաքվում կայանալիք մրցաշարին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---