18 մարտի 2015 - 13:29 AMT
ԳԴՀ ԱԳ նախարարը հնարավոր է համարում Ասադի մասնակցությունը սիրիական կարգավորման բանակցություններին

ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հավանություն է տվել ՄԱԿ գլխավոր քարտուղարի դեսպանորդ Ստաֆֆան դը Միստուրայի ջանքերին, որը շարունակում է քննարկել Դամասկոսի և սիրիացի ընդդիմադիրների հետ ճգնաժամի կարգավորման տարբերակները:

Սիրիայում տիրող ճգնաժամին կարելի է վերջ դնել միայն բանակցությունների սեղանի շուրջ, նույնիսկ եթե պահանջվի նախագահ Բաշար Ասադի մասնակցությունը: Այսպիսի կարծիք է հայտնել Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Քաղաքական կարգավորման ճանապարհն անցնում է բանակցությունների միջով: Նույնսիկ եթե դրա համար պահանջվի Ասադի մասնակցությունը բանակցություններին»,-մեջբերել է գերմանացի նախարարի խոսքը Suedeutsche Zeitung-ը:

Մարտի 12-ին ՄԱԿ գլխավոր քաևտուղար Պան Գի Մունը հանդես եկավ հայտարարությամբ Սիրիայում հակամարտության 4-րդ տարելիցի կապակցությամբ՝ զգուշացնելով, որ երկիրը հայտնվել է «կործանման եզրին»: Նա հորդորեց Անվտանգության խորհրդին վճռական քայլեր ձեռնարկել կասեցնելու համար արյունահեղությունը: ՄԱԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ հակամարտության զոհ է դարձել 220 հազար մարդ, ևս 11,5 մլն ստիպված է եղել լքել տները:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ ԱՄՆ-ն ի վերջո ստիպված է լինելու բանակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: «Ի վերջո մենք ստիպված են լինելու բանակցել Ասադի հետ: Մենք միշտ ենք դա ցանկացել «Ժնև-1» միջսիրիական բանակցությունների համատեքստում»,-ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ստիպել Սիրիայի նախագահին գնալ դրան: Ըստ Քերիի, Արևմուտքը ցույց կտա, որ «բոլորը քաղաքական որոշում են փնտրում»: Այդ գործընթացը հիմա էլ է գնում, ես վստահ եմ, որ մեր դաշնակիիցների և այլ երկների ճնշումն Ասադի հանդեպ կաճի»:

Ինքը Ասադը Իրանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց. «Արտերկրում արված հայտարարությունները մեզ չեն վերաբերում: Մենք պետք է սպասենք կոնկրետ գործողությունների և հետո որոշում կայացնենք»:

Մինչդեռ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության համար: «Ի՞նչ կարելի է քննարկել Ասադի հետ»: Դուք պատրաստվո՞ւմ եք բանակցել մի ռեժիմի հետ, որը շուրջ 200 հազար մարդու կյանք է խլել ու քիմիական զենք է կիրառել»,-ասել է թուրք նախարարը: «Ի՞նչ արդյունքի է հաջողվել հասնել մինչ օրս բանակցելով»,-հավելել է նա:

Ըստ Չավուշօղլուի, Սիրիայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է երկու պայման կատարել՝ ոչնչացնել «Իսլամական պետությունը» և «մյուս ահաբեկչական խմբավորումները» և քաղաքական վերափոխումներ իրականացնել Սիրիայում, որոնք ենթադրում են ռեժիմի փոփոխություն:

Սիրիայում իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումը, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»:

ԱՄՆ-ն և մի շարք երկրներ շատ մոտ էին Սիրիան ռմբակոծելու որոշմանը 2013-ի աշնանը. պատրվակ հանդիսացավ քիմիական զենքի կիրառման վտանգը կառավարական ուժերի կողմից: Սակայն, համզոիչ ապացույցներ չներկայացվեցին: Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվեց խուսափել ռմբակոծություններից քիմիական զենքից հրաժարվելու Սիրիայի համաձայնության դիմաց: Դուրս բերվեց և ոչնչացվեց շուրջ 800 տոննա քիմիական նյութ, իսկ ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելությունը ոչնչացնում է քիմզենքի արտադրության օբյեկտները երկրում: