18 մարտի 2015 - 15:55 AMT
Եվրահանձնաժողովը մտադիր չէ ցանկացած գնով պահել Հունաստանին եվրոյի գոտում

Եվրահանձնաժողովը հնարավոր է համարում եվրոյի գոտուց Հունաստանի դուրս գալը, սակայն հասկանում է, որ դա բացասական հետևանքներ կունենա արժութային միության համար: Նման կարծիք է հայտնել տնտեսական և ֆինանսական հարցերով զբաղվող եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ ԵՀ-ն չի ձգտում ցանկացած գնով պահել Հունաստանին եվրոյի գոտում: Երկիրը կմնա միության կազմում, եթե Աթենքը կատարի եվրոյի գոտու պահանջներն ու նորմերը: Մոսկովիսին նշել է, որ արժութային միության փլուզումը կվնասի բոլոր անդամներին, իսկ ամենամեծ վնասը կկրի Գերմանիան, հայտնում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ Եվրոյի գոտու փլուզման ինդեքսը (EBI), որը հաշվարկվում էր ներդրողների հարցմանը համաձայն, հասել է առավելագույնին 2013-ից մարտից ի վեր: Հարցման մասնակիցների 38 տոկոսը վստահություն է հայտնել, որ արժութային միությունը կփլուզվի մեկ տարվա ընթացքում:

Փետրվարի 24-ին եվրախումբը հավանություն տվեց հունական բարեփոխումների ծրագրին և երկարացրեց Աթենքի ֆինանսական աջակցության ծրագիրը մինչև 2015-ի հունիսը: Հունաստանի կառավարությունը չի ցանկանում բանակցել Եվրամիության և ԱՄՀ ֆինանսական աջակցության շուրջ, քանի որ դա պահանջում է խիստ տնտեսման ռեժիմ:

Հունաստանի ընդհանուր պարտքը կազմում է 320 մլրդ եվրո:

Մարտի 16-ին Հունաստանը ԱՄՀ-ին փոխանցեց հերթական 581 մլն եվրոն իր պարտքի դիմաց, գրում է «Փրայմը», «Վիմա» թերթի կայքի վրա հղումով:

Հաջորդ վճարումը մարտի 20-ին է՝ պետք է փոխանցվի 348 մլն եվրո: Բացի այդ, մարտի 20-ին պետք է մարվեն եռամսյա գանձապետական պարտատոմսերը 1,6 մլրդ եվրոյի:

Երբ 2010-ին սկսվեց պարտքային ճգնաժամը, Աթենքը ստիպված եղավ դիմել արտաքին ֆինանսական օգնության: Երկու տարի անց Հունաստանը համաձայնության եկավ վարկատուների եռյակի հետ ի դեմս ԵՄ-ի, Եվրոպական կենտրոնական բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի: Ուստի, Աթենքին բազմամիլիարդանոց վարկեր տրամադրվեցին, մարվեց մասնավոր վարկատուների առջև նրա պարտքերի կեսը, իսկ փոխարենը մի շարք պահանջներ առաջադրվեցին, ինչպիսիք են խիստ տնտեսման միջոցները, մոտ 50 մլրդ եվրոյի պետական ակտիվների սեփականաշնորհումը մինչև 2015-ի ավարտը, կառուցվածքային բարեփոխումների իրականացումը:

Հունաստանի հարաբերությունները Եվրամիության հետ վատթարացան հունվարի 25-ից հետո, երբ խորհրդարանական ընտրություններում հաղթեց ձախ ծայրահեղական «ՍԻՐԻԶԱ» կուսակցությունը: Խորհրդարանական ընտրություններում հաղթած «ՍԻՐԻԶԱ» կուսակցության առաջնորդ և նորընտիր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ մտադիր է չեղյալ հայտարարել խիստ տնտեսման միջոցները, որոնց դիմաց Հունաստանի նախկին կառավարությունը վարկեր էր ստանում ԵՄ-ից ու միջազգային ֆինանսական կառույցներից: Ցիպրասը մտադիր է հասնել նրան, որ երկրի բազմամիլիարդանոց պարտքը չեղյալ համարվի: Ըստ նրա, ընտրությունները Հունաստանում «խթան կհանդիսանան փոփոխությունների համար ամբողջ Եվրամիության տարածքում»: Ցիպրասը հայտարարել է, որ վարկատուների «եռյակի» վերջը եկել է: