18 մարտի 2015 - 16:13 AMT
Ջեֆրի Ռոբերթսոն. Ցեղասպանության փոխհատուցման համար իրավարար վճիռ կարող է կայացվել ՄԻԵԴ-ում

Թեև թուրքերը հիմա խոսում եմ մոտ 800 հազար սպանվածի մասին, բայց իրականում ցեղասպանությունը խլել է Արևմտյան Հայաստանում ապրող հայության գրեթե կեսի` 1,5 միլիոն մարդու կյանք: Նման տեսակետ է հնչեցրել հանրահայտ բրիատանցի իրավապաշտպան, ակադեմիկոս, ՄԻԵԴ-ում «Փերինչեքի» գործով ՀՀ շահերը ներկայացնող թիմի անդամ Ջեֆրի Ռոբերթսոնը` «Bloomberg» գործակալության «Charlie Rose» հաղորդաշարի ժամանակ:

Պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե ինչ է իրականում տեղի ունեցել 1915 թ-ին, Ջեֆրի Ռոբերթսոնը նկատում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան թուրքերը սկսեցին հայ մտավորականության սպանդն ու ջարդերը, որն էլ խոհրդանշում է ցեղասպանության մեկնարկը:

«Հայ տղամարդկանց միանգամից սպանում էին, իսկ կանանց, երեխաներին և ծերերին քշում անապատներ, այն նույն տարածքները, որոնք հիմա օկուպացված են «Իսլամական պետություն» կազմակեպության կողմից: Բռնի տեղահանման ճանապարհին հայերը մահանում էին սովից, հիվանդություններից, բռնություններից, իսկ նրանց ողջ ունեցավածքը բռնագանձվում էր: Սա ցեղասպանություն է, ինչպես որ մենք այն հիմա կոչում ենք»,- նշում է Ջեոֆրի Ռոբերթսոնը: Խոսելով ցեղասպանություն եզրույթի մասին` Ռոբերթսոնը հիշեցնում է, որ այն շրջանառության մեջ դրվեց Ռաֆայել Լեմկինի կողմից, ով ցնցված էր այն ամենով, ինչ տեղի էր ունեցել հայ ժողովրդի հետ: Շարունակելով, Ռոբերթսոնը նկատում է, որ Լեմկինի ներդրումը կայանում էր նաև նրանում, որ վերջինս համոզված էր` թեև որպես արդարության վերականգնման միջոց արդարացված էր «Նեմեսիս» գործողությունը, բայց ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարի համար պետք էր ստեղծել օրենսդրական հարթակ:

Խոսելով ցեղասպանության` որպես մարդկության դեմ իրագործվող ցանրագույն հանցանքի կանխարգելման միջազգային նորմերի ստեղծման մասին` Ջեֆրի Ռոբերթսոնը նկատում է, որ այդ գործընթացում էական նշանակություն է ունեցել հենց Հայոց ցեղասպանության իրողությունը` որպես մարդկության դեմ իրականացրած ծանրագույն հանցագործություն: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի տեսակետին, թե ինչու՞ են նրանք այդքան ուժեղ պայքարում դրա ճանաչման դեմ, բրիտանացի իրավապաշտպանն ասել է, որ «ցեղասպանություն» բառը ցնցում է թուրքական պետությանը, քանի որ այն միջազգային իրավունքին դեմ է, և տուժած կողմը փոխհատուցում պահանջելու հնարավորություն ունի, հայտնում է Panorama,am-ը:

Ռոբերթսոնը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը վավերացրել է ցեղասպանությունների մասին կոնվենցիան, և դրանով ԱՄՆ-ն ստանձնել է որոշակի պարտավորություններ:

Մեկնաբանելով Թուրքիայի տարածած այն քարոզչական թեզը, որ հայերի և այլ ժողովուրդների տեղահանումը եղել է ռազմական անհրաժեշտություն ու իբրև այդ իրադարձությունները տեղի են ունեցել պատերազմի ժամանակ, Ռոբերթսոնը ասել է, որ երեխաների, կանանց, մեծահասակների տեղահանումը և անապատում մահանալու ուղարկելը «ռազմական անհրաժեշտություն» չի կարող լինել:

Ջեֆրի Ռոբերթսոնը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է շատ խորը ուսումնասիրել, քանի որ դրա հիմքում եղել է պանթուրքիզմի, թուրքացման տարրեր և այն տեղի է ունեցել ազգայնականության հողի վրա: Նա նաև նկատել է, որ Ցեղասպանության ժամանակ մեծ նշանակություն է ունեցել կրոնական գործոնը, իսկ երիտթուրքերի կառավարությունն իր քաղաքականությամբ նպաստել է դրան:

Իրավապաշտպանը համոզմունք է հայտնել, որ փոխհատուցման համար հնարավոր է կայացնել իրավարար վճիռ, և դա կարող է արվել Եվրոպայում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Մասնագետը նշել է, որ նման փորձ արդեն իսկ կա, երբ այդ դատարանի վճռով Թուրքիան փոխհատուցում է տրամադրել հույներին, կիպրոսցիներին:

«Թուրքիայում ներկայումս կան մոտ 2000 եկեղեցիներ, որոնք առգրավվել են օսմանցիների կողմից: Դրանք պետք է վերադարձվեն»,-հայտարարել է իրավապաշտպանը:

Ջեֆրի Ռոբերթսոնը պատմել է, որ ինքն ավստրալացի է և իր պապը մասնակցել է Գալիպոլի ճակատամարտին, որտեղ և զոհվել է թուրք դիպուկահարի կրակից: Սակայն նա նշել է, որ իր պապի սպանությունն այլ է, քանի որ տեղի է ունեցել ճակատամարտի ժամանակ, մինչդեռ Հայոց ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է` հանցագործություն մարդկության դեմ, որի զոհերը անմեղ մարդիկ են եղել, գրում է Panorama.am-ը:

Ռոբերթսոնը միջազգային իրավունքի հանրահայտ մասնագետ է, իրավապաշտպան, «Անհարմար Ցեղասպանություն. ո՞վ է այսօր հիշում հայերին» գրքի հեղինակը: «Հայերը Արևելյան Թուրքիայի իրենց պատմական հողերն են հետ ուզում, ինչը շատ է (թերևս ես կառաջարկեի վեհաշուք Արարատ լեռը վերադարձնել՝ որպես հաշտության նշան), բայց ավելի շատ նրանք ուզում են այն, ինչը պե՛տք է ունենան՝ Թուրքիայի, ինչպես նաև Բրիտանիայի ճանաչումն առ այն, որ 1915 թվականին կատարվածը ոչ թե ողբերգություն է, այլ հանցագործություն: Հանցագործություն մարդկության հանդեպ, ինչպես Բրիտանիան անվանել է 1915 թվականին և պիտի անվանի 2015-ին»,-գրել էր նա տարեսկզբին The Guardian-ում տպագրված հոդվածում:

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով» լսումների ժամանակ դատավարության իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը Թալեաթ Փաշային անվանել է թուրքական Հիտլեր: Նա հայտարարել է՝ ժամանակակից աշխարհը պետք է ապրի ազատ, առանց խտրականության և ատելության: