19 մարտի 2015 - 10:56 AMT
Լարվածությունը Մայնի Ֆրանկֆուրտում պահպանվում է. Իշխանություններին մտահոգում է «հավաքների ազատության չարաշահումը»

Լարվածությունը Մայնի Ֆրանկֆուրտում, որտեղ ակտիվիստները բողոքում են ԵԿԲ քաղաքականության դեմ և բախումներ են եղել ոստիկանության հետ, պահպանվում է: Գերմանիայի կառավարությունը դատապարտել է հավաքների ազատության իրավունքի չարաշահումը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը՝ անդրադառնալով Մայնի Ֆրանկֆուրտում տեղի ունեցած անկարգություններին:

«ԳԴՀ կառավարությունը շատ է կարևորում խաղաղ հավաքներ ու ցույցեր ազատ անցկացնելու իրավունքը: Սակայն բռնության կիրառմամբ բախումներն ու այդ իրավունքն անխոհեմ նպատակների համար օգտագործելը միանգամայն այլ բան է: ԳԴՀ կառավարությունը դատապարտում է նման գործողությունները»,-ասել է Զայբերտը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Անկարգությունները քաղաքում հրահրեցին ձախակողմյան ակտիվիստները, անարխիստներն ու հակագլոբալիստները: Ըստ համացանցում տարածված լուսանկարների, որոնք արվել են թռչնի թռիչքի բարձրությունից, գործարար մայրաքաղաքը պատված է սև թանձր ծխի քուլաներով՝ ձախակողյան ծայրահեղականները հրկիզում են անվադողերը, աղբանոցները, ոստիկանության ավտոմեքենաները: Այդպիսով ակտիվիստները իրենց բողոքն են հայտնում ընդդեմ Եվրոպական Կենտրոնական բանկի գործողությունների Եվրոպայի հարավային երկրներում՝ այն է՝ «Խիստ տնտեսման դեմ»: «Մենք ուզում ենք ցույց տալ, որ այստեղ ոչ մի տոն չկա: Շատ երկրներ ստիպված են «ձգել գոտիները», նրանք հումանիտար աղետի շեմին են»-ասել է ցուցարարներից մեկը:

Ակտիվիստները նաև վրդովված են այն հանգամանքով, որ մարդկանց աղքատացման ֆոնին, ԵԿԲ-ն միլիարդավոր եվրո է ծախսել կառույցի նոր կենտրոնայականի կառուցման համար: Կազմակերպիչն է Blockupy շարժումը:

Քաղաքում լարված իրավիճակ է: Ըստ ոստիկանության, մոտ 350 մարդ է ձերբակալվել, չեն դադարում բախումներն իրավապահների հետ: Շատ խանութներ փակ են, չի գործում հանրային տրանսպորտը: Տուժել է մոտ 88 իրավապահ, տուժածների ընդհանուր թիվը հասնում է 200-ի:

ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին չնայած այս ամենին բացել է ԵԿԲ նոր շենքը Մայնի Ֆրանկֆուրտում:

Photo:1tv.ru