
Երեք պիլոտային ծրագրով՝ Լոռիի Թումանյան, Սյունիքի Շինուհայր, Տավուշի Դիլիջան համայնքային փնջերով մայիսի 17-ին կանցկացվի տեղական հանրաքվե՝ պարզելու, թե բնակիչները կհամաձայնեն, որպեսզի շրջակա համայնքները միավորվեն՝ կենտրոն ունենալով նշված բնակավայրերը: Որոշումն ընդունվել է կառավարության մարտի 19-ի նիստում:
Կատարելով 2013-ի հուլիսի 5-ի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում տրված հանձնարարականը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը քննարկել է համայնքների խոշորացման ծրագրերի երկու տարբերակ՝ ծրագրային և վարչական: Ծրագրային հիմնավորմամբ խոշորացման համար ընտրվել է 14 համայնքային փունջ: Նաև նպատակահարմար է գտնվել իրականացնել համայնքների խոշորացման մի քանի պիլոտային ծրագիր՝ նախապես այդ համայնքում անցկացնելով տեղական հանրաքվե: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ, սա համայնքների խոշորացման առաջին քայլն է: Երեք փունջ համայնքների միավորման վերաբերյալ դժգոհություն կամ վիճելի հարց չկա: Բարեփոխումը շարունակություն է ունենալու:
Կառավարության նիստից հետո տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողներին ասաց, որ խոշորացման արդյունքում համայնքները լինելու են որպես բնակավայրեր, բայց լինելու է մեկ համայնքի ղեկավար: Նախարարն ասաց, որ խոշորացման նպատակը միջոցների խնայումն է: Ըստ հաշվարկների, խոշորացման դեպքում մոտավորապես 50-60 տոկոս դրամական խնայողություն է լինելու, գրում է «Առավոտ»-ը:
Արմեն Երիցյանի խոսքով, կառավարությունն աշխատանք է տանում միջազգային կազմակերպությունների հետ, ներդրումներ ներգրավելու համար. «Եկեք այս պիլոտային ծրագրով միասին գնանք առաջ, տեսնենք` ինչ է լինում: Մենք ունենք քաղաք՝ Դաստակերտը, որը 200 բնակիչ ունի, քաղաքներ ունենք, որոնք ունեն մինչեւ 900, 1500 բնակիչ»:
Մոտ 3,5 տարի առաջ կառավարության հավանությունն ստացած համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգով է սկիզբ դրվել ՀՀ վարչատարածքային բարեփոխման, մասնավորապես՝ համայնքների խոշորացման գործընթացին:
ՀՀ 915 համայնքից` 442-ը (440 գյուղական և 2 քաղաքային) կամ 48%-ը ունեն 1.000-ից պակաս բնակչություն: Ըստ բնակչության թվի` ամենամեծ գյուղական համայնքը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքն է, ամենափոքրը` Սյունիքի մարզի Քաշունին:
http://www.aravot.am/2015/03/19/552626/